Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին
Վարչապետը ծանոթացել է Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Սաստեքս» ընկերության շենքի շինհրապարակում շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: 12 մլն ԱՄՆ դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիում հիմնել կարի ֆաբրիկա՝ 700-800 աշխատատեղի ստեղծմամբ:
Այդ նպատակով կառավարությունն ընկերությանն է տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:
«Սաստեքս» ՍՊԸ տնօրեն Քրիստիան Գելեջին վարչապետին տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավարտին են հասցված հիմքերի ամրացման աշխատանքները, շենքը սեյսմակայուն է և գրեթե պատրաստ շահագործման, մնացել են ներքին և արտաքին հարդարման, էլեկտրական հոսանքագծերի կառուցման աշխատանքները:
Ֆաբրիկան բաղկացած է լինելու 5 շինությունից: Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, որտեղ տեղավորվելու է նաև ընկերության վարչական մասը, պատրաստի արտադրանքի ցուցադրության սրահը:
Արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է: Քրիստիան Գելեջին նաև նշել է, որ նորակառույց գործարանի հարևանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո այնտեղ ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիր է առաջանում, և այդ նպատակով նույն տարածքում 16 ընտանիքի համար կառուցվում են միահարկ տներ, որոնք կտրամադրվեն անհատույց: Նշվել է, որ առաջին 8 տունը պատրաստ կլինի այս տարվա հուլիսին:
Ներկայացնելով «Սաստեքս»-ի զարգացման հետագա քայլերը՝ ընկերության տնօրենը կառավարության ղեկավարին դիմել է երկաթգծի մոտ գտնվող չօգտագործվող շինությունները ևս իրենց տրամադրելու խնդրանքով: Ողջունելով տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկության ընդլայնման ծրագրերը՝ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում:
Կարեն Կարապետյանը եղել է նաև Գյումրու «Օյունջյան» բարեգործական հիմնադրամում:
Վարչապետը նախ դիտել է հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցի սաների պատրաստած երաժշտական ելույթը, ապա ծանոթացել նույն հիմնադրամի «Աղավնի» արհեստի կենտրոնի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ հիշյալ կենտրոնի բացումը նախատեսվում է այս տարի: