Մամուլ

Վարորդները կստանան 9 բալ. շատ խախտման դեպքում կզրկվեն վարելու իրավունքից

Ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որը կարող ենք անվանել «բալային համակարգի ներդնում»: Բանն այն է, որ իրավապահները եկել են այն եզրակացության, որ բալային համակարգ ներդնելով` վարորդների վարքագծում փոփոխություն կլինի, և ավելի օրինապահ կդառնան: «Հետք»-ը փոփոխությունների նախագծից առանձնացրել և ձեզ է ներկայացնում, թե ինչ է առաջարկվում բալային այդ համակարգով, և որ դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից:

Փոփոխությունների նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման, և ոստիկանությունը շահագրգիռ անձանցից սպասում է առաջարկություների: Դրանք ներկայացնելու ժամկետը մինչև հոկտեմբերի 30-ն է: Դրանից հետո ենթադրվում է, որ նախագիծը կքննարկվի կառավարությունում և սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:

Վարչական տույժի նոր տեսակ կսահմանվի, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում»-ը:

Տուգանային միավորները կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձանց նկատմամբ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից 1 տարվա կտրվածքով վարորդին տրվելու է 9 միավոր: Երթևեկության կանոնները խախտած վարորդներին 1 տարվա համար տրամադրված 9 միավորից ինքնաշխատ եղանակով կհանվեն միավորները: Այսինքն՝ 9 միավոր ՃՈ-ն կտա, հետո, ըստ խախտման տեսակի, կպակասեցնի միավորները: Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից՝ այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով:

Միավորները պակասելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից կզրկվի 1-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածով: Նախագծով դա կոչվում է «վարորդական իրավունքի կասեցում»: Ներգործության այս տեսակը չի տարածվի հաշմանդամություն ունեցողների վրա` բացառությամբ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքից: Նախագծով առաջարկվում է մի շարք խախտումների դեպքում ավելի երկար ժամկետով զրկել վարորդական իրավունքից:

Որ խախտման համար ի՞նչ չափի տուգանք կսահմանվի, և քա՞նի միավոր կկորցնի վարորդը

Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանային սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը գործող 100 հազար դրամ տուգանքի փոխարեն 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից:

Հնարամիտ վարորդները հաճախ տուգանվելուց խուսափելու համար մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերն այսօր փակում են: Նախագծով նման իրավախախտում կատարողը կտուգանվի 20 հազար դրամի չափով և կզրկվի 1 միավորից:

Առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելու դեպքում վարորդը 1 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Իսկ եթե վարորդն իր մեքենայի պետհամարանիշը տրամադրի այլ վարորդի, ապա կտուգանվի գործող 100 հազար դրամի փոխարեն 20 հազար դրամով ու կկորցնի 3 միավոր:

Վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝  1 միավոր, վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր, տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր, հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր, մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝  1 միավոր, մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով:

Կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազար դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամի չափով և կկորցնի 2 միավոր, ավտոմեքենայի արագությունը 11-ից 30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-ից 50-ով գերազանցելու դեպքում կկորցնի 3 միավոր, 51-ից 80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 և ավելի արագությամբ ընթանալու դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից:

Կիսվել