Վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է և բախվել է ծառին
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Երևանի բնակիչ Արթուր Մ․-ն իր վարած «Range Rover» մակնիշի մեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արուսիկ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել է ծառին, իսկ «Lexus»-ն էլ բախվել է Երևանի բնակիչ Անդրանիկ Ք․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Արուսիկ Ս․-ն տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Range Rover»-ի վարորդ Արթուր Մ․-ն պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելու ժամանակ ինքնազգացողության վատացումը։