Մամուլ

Վարորդական վկայական «գնելն» այլևս անցյալում է

«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր առաջ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջևանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։

ՀՔԲ-ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք լինի, եթե ասենք, որ քննության փոխարեն շատերը պլստացել են գումար, այն է՝ կաշառք տալու միջոցով:

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ այս պաշտոնանկությունները վարորդական իրավունքների վաճառքի ավարտը կարող են լինել: Ճանապարհային ոստիկանության կողմից իրեն տրամադրված նյութերի համաձայն, 2016 թ. Երևանում գործնական քննությամբ տրամադրված վարորդական իրավունքների թիվը 60-70% էր, այսինքն՝ երեք քննություն հանձնողներից երկուսը հաղթահարում էր շեմը, մեկը պետք է վերահանձներ: Մինչդեռ Կոտայքի մարզում, որտեղ ավելի փոքր է բնակչությունը, տրամադրված վարորդական վկայականներն ավելի շատ են եղել:

Վարորդական հասարակության շրջանում գիտեն, որ Երևանում քննություն չհանձնելու դեպքում կարելի է գնալ Կոտայքի ՀՔԲ ու այնտեղ շատ հեշտ ստանալ վկայական: Ըստ Ղահրամանյանի՝ Կոտայքում քննություն հանձնողների 90-98%-ը վկայկան էր ստանում: Նույն պատկերն էր նաև Արարատի և Արմավիրի մարզերում: 2017 թ. պատկերն էլ ավելի վատն էր: Բոլոր մարզերում մոտ 100% արդյունավետություն կար գործնական քննության համար, նույնը 2018 թ. առաջին չորս ամիսների տվյալների համաձայն»:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի համարում։

Կիսվել