ՄամուլՏեսանյութ

«Վարկերով վերցրել, ընկերոջս հետ պահում էինք»․ գայլերը հոշոտել են գյուղացու գառներին

Այսօր գայլերի կողմից հերթական հարձակման դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Էդիկ Մամիկոնյանը սովորույթի համաձայն մտել է անասնագոմ, որպեսզի գառներին խնամի, սակայն ականատես է եղել, որ գոմից մոտ 30 մայրացու գառներ պակասում են, իսկ արդեն դրսում հայտնաբերել է 4-ին՝ սատկած: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

«Վարկերով վերցրել, ընկերոջս հետ պահում էինք, երբեք նման բան տեղի չէր ունեցել: Ինչպես միշտ առավոտյան մտա գոմ, որ զբաղվեմ գառների խնամքով ու մնացի ապշած. գառների մեծ մասը չկար:

Դրսում հայտնաբերեցի 4 հատին սատկած, իսկ մնացածին էլ սկսեցինք փնտրել գյուղի բնակիչներով, հարազատներով, 20 հատից ավելին մեր գոմից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերել էին գազալցակայանի աշխատակիցները, ովքեր մեզ տեղակացրին, ու գնացինք, բերեցինք:

Ճիշտն ասած՝ մի քանիսը երևի չապրեն: Հիմա ընդհանուր 28 հատը չկա: Մեկին էլ գտանք դաշտում՝ գայլերի կողմից ամբողջությամբ հոշոտված: Հիմա մեր ահազանգով Գեղարքունիքի մարզպետարանից են եկել, նկարել են, տեղում ծանոթացել են իրավիճակին, բայց արդյոք մեզ օգնության ձեռք կմեկնեն, երևի մարզպետից է կախված:

Ուզում ենք հավատալ, որ մեզ կօգնեն. վարկով վերցրել ու աշխատում էինք. գոնե բանկն էլ էսքանից հետո մի 2-3 տարով մեր վարկը սառեցնի, մինչև ուշքի գանք ու նորից՝ որպես պարտաճանաչ վարկատու, հանդես գանք»:

Խնդրի մասին տեղեկացել են ոստիկանության Գավառի բաժնից, որտեղից արդեն ժամանել են համայնքային ոստիկանության ծառայողները, ովքեր արձանագրել են դեպքը: Թե հետո ինչ կանեն՝ չգիտենք:

Կիսվել