Մամուլ

Վարդենիսն ու Սյունիքի մարզը ադրբեջանական հողեր են․ Ալիև

Վարդենիսն ու Սյունիքի մարզը ադրբեջանական հողեր են․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է ուղղել Հայաստանին` հայտարարելով, որ Վարդենիսն ու Սյունիքի մարզը ադրբեջանական հողեր են, գրում է Sputnik Արմենիան:

Ալիևն այցելել է Քարվաճառ (Քելբաջար), որը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանին։ Հատկանշական է, որ նրա այցից առաջ սահմանի այս ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն էր եղել, որի ընթացքում հայ զինծառայող էր զոհվել։

Կորուստներ էր ունեցել նաև ադրբեջանական կողմը՝ երեք զոհ և մեկ վիրավոր։ Հակառակորդը գնդակոծել էր նաև Կութ և Նորաբակ գյուղերը։

Վարդենիս-Քարվաճառ մայրուղու մոտ Ալիևը հայտարարել է, որ Վարդենիսն «ադրբեջանական հին հող» է։

vardenis

«Սա Գեյչան է, ադրբեջանական հին հող։ 1930 թվականին Հայաստանի տարածքում ստեղծվեց Բասարգեչարի շրջանը, որի բնակիչների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանցիներ էին։ Զոդ (Սոթք) գյուղի բնակիչները նույնպես ադրբեջանցիներ էին։

Նրանք արտաքսվել են։ Միայն 1969թ. հունիսին Հայաստանը Բասարգեչարի շրջանը վերանվանեց և կոչեց Վարդենիս։ Ես խնդրում եմ, ռեպորտաժներում և ընդհանրապես մեր բառապաշարում պետք է օգտագործվի ոչ թե Վարդենիսը, այլ պետք է վերականգնվի Բասարգեչար անվանումը», – ասել է նա։

Կիսվել