Վարդան պատմել է իր առաջին գիշերային ակումբի մասին, որտեղ աշխատել է
Ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների՝ VARDA-ն իր Instagram-ում հրապարակել է հիշողություններ՝ իր աշխատանքի մասին։
«Գեղեցիկ հրաժեշտ տալն արվեստ է։ Ափսոս, որ դա հնարավոր չէ սովորել․․․ Հիշում եմ, թե ինչպես էի աշխատում Կրիվոյ Ռոգի «Մայրամուտից արեւածագ» գիշերային ակումբում, ինձ վճարում էին 50 գրիվեն՝ երեք ելույթի համար, իսկ տուն վերադառնալու համար ես տաքսու վարորդին 25 գրիվեն ուղեվարձ էի տալիս։ Ու որպեսզի վաստակածս գումարը չծախսեի՝ ես ասես հեգնանքով ստիպված էի լինում սպասել մինչեւ արևածագ, որպեսզի առաջին երթուղայինը նստեի․․
Հիշում եմ սառը երթուղային մեքենան ու այնտեղ վառելիքի հոտը, հոգնած, քնկոտ, աչքերիս՝ փայլեր, շարֆով փաթաթված, ես տուն էի գնում։ Այդ ակումբում ես աշխատեցի մոտ մեկ տարի, դա լավագույն ակումբը չէր, բայց ես սիրում էի այդ ակումբն ու այնտեղ աշխատող մարդկանց։
Ու ահա մի անգամ ինձ հրավիրեցին ելույթ ունենալու մեկ այլ ակումբում ու առաջարկեցին 100 գրիվեն աշխատավարձ, այսինքն կրկնակի շատ, քան ես ստանում էի։ Ես եկա արթ-տնօրենի մոտ ու ազնիվ ասացի, որ ես նման հրապուրիչ առաջարկություն եմ ստացել։ Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս նա արձագանքեց։
Արթ-տնօրենն ասաց, որ շատ կցանկանար բարձրացնել իմ աշխատավարձը, բայց իրեն բյուջե չեն հատկացնում։ Նա ասաց, որ ուրախ է ինձ համար, ու միայն մի բան խնդրեց, որ ես երկու շաբաթ էլ աշխատեմ։ Իհարկե ես համաձայնեցի, չէի կարող վատ դրության մեջ դնել մարդկանց, ում հետ այդքան երկար աշխատել էի։
Իմ վերջին աշխատանքային օրը , ավելի ճիշտ գիշերը, ինձ հրաժեշտ տվեցին շամպայնով ու ասացին, որ ես միշտ կարող եմ վերադառնալ, եթե նոր աշխատանքս ինձ դուր չգա։ Ու ես վերադարձել եմ այնտեղ, ընդ որում ոչ մեկ անգամ, բայց ոչ թե աշխատելու, այլ որպես հյուր։ Ու եթե ես չկարողանայի «հրաժեշտ» տալ, դժվար թե ինձ այնտեղ սպասեին»,- գրել է հայուհին։