Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա բանտից
ԱՄՆ-ում կալանավորված «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից: Ղուկասյանը, որ գրեթե տասն ամիս Միացյալ Նահանգներում անազատության մեջ էր և բողոքարկել էր միգրացիոն դատարանի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով, որոշել է այլևս չսպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը և ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր:
Ըստ փաստաբանի, կարգն է այդպիսին՝ եթե անձը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, ապա ողջամիտ ժամկետում պետք է կատարի դատարանի որոշումը և լքի երկիրը, հակառակ պարագայում տույժերի կենթարկվի: Այս մասին գրում է «Ազատությունը»:
«Այս պահին որոշում է կայացրել, որ անկախ նրանից, թե միգրացիոն Վերաքննիչ դատարանն ինչ վճռի կկայացնի՝ կբավարարի իր բողոքը, թե ոչ, որոշում է կայացրել, որ դեկտեմբերի վերջին դուրս է գալու և գնա երրորդ երկիր», – «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:
ԱՄՆ դատարանի որոշման համաձայն՝ Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար՝ նա պետք է լքի երկիրը: Ամերիկյան դատարանը միաժամանակ մերժել էր Հայաստանի իշխանությունների՝ Ղուկասյանին արտահանձնելու պահանջը: Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, Վարդան Ղուկասյանը, սակայն, մեղադրանքները չի ընդունում:
Թե որ երկիր է մեկնելու Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում գտնվող Վարդան Ղուկասյանը, փաստաբան Լևոն Բաղդասարյանը փակագծեր չբացեց՝ միայն տեղեկացնելով, որ այս պահին ԴՕԿ ղեկավարը հինգ երկրից հրավեր է ստացել: Այդ երկրները, ըստ փաստաբանի, Ղուկասյանին հատուկ վիզա են տրամադրելու՝ ապահովելով նրա կեցությունն ու անվտանգությունը:
«Վերջնական որոշումը կկայացնի դուրս գալուց հետո, որի վերաբերյալ կիրազեկվեք», – ասաց Բաղդասարյանը:
Փաստաբանը, ով նաև ԴՕԿ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար է նշանակավել, ասում է, թե իր խորհուրդն է եղել Վարդան Ղուկասյանին՝ չսպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը, որը կարող է ամիսներ տևել, և դուրս գալ Հենդերսոնի ձերբակալվածների պահման վայրից: Ըստ Բաղդասարյանի՝ ազատության մեջ լինելով Ղուկասյանն ավելի ակտիվ կկարողանա մասնակից լինել 2026-ի խորհրդարանական ընտրություններին:
Ի դեպ, ԴՕԿ-ը, որ արդեն դաշինք է կազմել մի շարք ուժերի հետ որոշում է կայացրել շուրջ վեց ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցել:
Իր հայհոյախառն եթերներով հայտնի Վարդան Ղուկասյանը ԴՕԿ դաշինքի նախընտրական ցուցակում չի լինի, բայց ինչպես նրա նախընտրական շտաբի ղեկավարը նշեց՝ «Դոգը» լինելու է գլխավոր դերակատարը:



