Մամուլ

Վառելիքի գողություն՝ ՊՆ-ում. հայտնի է գործող անձանց շրջանակն ու սխեման

«Իշխանություն» լրատվականը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բացահայտվել է ծառայողական դիրքի չարաշահման և խոշոր չափերով դիզելային վառելիքի հափշտակման փորձի դեպք։ Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել չորս անձի։

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել գործի ամբողջ մանրամասները: ՀՀ ՊՆ զորամասի ՌՔԿՊ գումարտակի ՆՏԱ գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Վարդանյանը, նախնական համաձայնությամբ և խմբի կազմում, ծառայողական լիազորություններն օգտագործելով, փորձել է հափշտակել իրեն հանձնված խոշոր չափերով գույք՝ դիզելային վառելիք։ Նույն գործով մեղադրվում է նաև զորամասի ՎՔՆ պահեստի պետ Վահե Աջամյանը։

Ըստ մեղադրանքի՝ Վարդանյանը զորավարժությունների և ուսումնական պարապմունքների անցկացման պատրվակով պահեստի պետ Աջամյանին ներկայացրել է պահանջագրեր, որոնց հիման վրա պահեստից ելքագրվել է դիզելային վառելիք։ Մոտ մեկ ամսվա ընթացքում փաստացի օգտագործվածից ավելացել է շուրջ 2 տոննա դիզվառելիք, որը թեև հաշվառմամբ ելքագրված է եղել, իրականում մնացել է զորամասի տարածքում՝ Աջամյանի տնօրինման տակ գտնվող պահեստում։

Դիզվառելիքը վաճառելու նպատակով Արամ Վարդանյանը դիմել է նույն զորամասի վերանորոգման դասակի հրամանատար Նվեր Կիրակոսյանին՝ խնդրելով վերջինիս գտնել գնորդ։ Կիրակոսյանը, իր հերթին, կապ է հաստատել Արմավիրի մարզի բնակիչ Էդգար Մաղաքյանի հետ, ով զբաղվում է դիզելային վառելիքի վաճառքով և համաձայնություն է տվել այն ձեռք բերել։

2025 թվականի հոկտեմբերի 30-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, Վահե Աջամյանը կեսգիշերին ժամանել է զորամաս, ապա Արամ Վարդանյանի ցուցումով զորամաս է մուտք գործել «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով։ Զորամասի տարածքում մեքենայի մեջ լցվել է 2 տոննա դիզելային վառելիք՝ ընդհանուր 851.700 դրամ արժողությամբ, որից հետո այն դուրս է բերվել զորամասից։ Սակայն խմբի անդամները հանցավոր արարքը ավարտին չեն հասցրել։

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ ավելի վաղ՝ 2025 թվականի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին, նույն խմբի անդամների մասնակցությամբ արդեն իրականացվել է դիզելային վառելիքի հափշտակում։ Այդ դեպքով պահեստից դուրս է բերվել շուրջ 700 լիտր դիզվառելիք՝ մոտ 298.095 դրամ արժողությամբ, որը վաճառվել է Էդգար Մաղաքյանին, իսկ ստացված գումարը բաժանվել է Արամ Վարդանյանի, Վահե Աջամյանի և Նվեր Կիրակոսյանի միջև։

Նվեր Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել որպես հանցագործությանը օժանդակող՝ տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով։ Էդգար Մաղաքյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը նախապես ձեռք բերելու խոստում տալու, ինչպես նաև ավտոմեքենա տրամադրելու միջոցով հափշտակությանը և հափշտակության փորձին օժանդակելու համար»։