Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում․ «Հրապարակ»
Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում սկսվել են նախընտրական վերադասավորումներ, որոնց ավարտին կհստակեցվի, թե որ քաղաքական ուժն ինչ ձեւաչափով, օրակարգով եւ ինչ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ է մասնակցելու ընտրություններին։
Հատկապես հետաքրքիր է նախընտրական տեխնոլոգիաների հարցը, քանի որ քաղտեխնոլոգներն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները։
Մեր տեղեկություններով, «Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանը, հավաքել է քաղտեխնոլոգների բավական ուժեղ խումբ, որը բաղկացած է ոչ միայն հայաստանցի, այլ նաեւ Ռուսաստանից ժամանած մասնագետներից։
Այս թիմն իր առաջ նպատակ է դրել գալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տհաճ անակնկալ մատուցել եւ բոլորի համար անսպասելի բարձր տոկոսներ «խփել»։
Նկատենք, որ Վանեցյանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը համեմատաբար կարճ ժամանակահատված է, ինչ հայտնվել են դաշտում, բայց այս ընթացքում կարողացել են հայտնի դառնալ՝ մեկ տարվա մեջ մոտ 70 գրասենյակ են բացել մարզերում եւ պատրաստվում են ակտիվ դերակատարում ստանձնել երկրի քաղաքական կյանքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում