Վանաձորում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Բազում» թաղամասում, Շինարարների փողոցում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Տիգրան Զ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մարիամ Հ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գնել Գալստյանը, Մարտուն Հակոբյանը, Հովհաննես Մինասյանը և Հայկ Փափազյանը։
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



