Մամուլ

Վանաձորում փորձել են թալանել «Ֆուլ հաուս» սուպերմարկետը. սեփականատերը վտանգելով իր կյանքը, կանխել է գողությունը

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը անհայտ անձը ժամը 05:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում գործող «Ֆուլ հաուս» սուպերմարկետը փորձել է թալանել։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության պահին խանութի սեփականատիրոջ բջջային հեռախոսին ձայնային ազդանշանի ահազանգ է ստացվել, ու խանութի տերը շտապ մեկնել է խանութ և այնտեղ նկատել գողություն կատարող քաղաքացուն, ով, տեսնելով նրան, դիմել է փախուստի։

Խանութի սեփականատեր, 40-ամյա Արտակ Բ.-ն, վտանգելով իր կյանքը, հետապնդել է տականքին ու բռնել, որի ժամանակ նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու ստահակը մի քանի հարվածներ է հասցրել Արտակ Բ.-ին, ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով երբ պարեկները մոտեցել են դեպքի վայր, վիրավոր վիճակում գտնվող Արտակ Բ.-ն պարեկներին ցույց է տվել փախնող հանցագործին՝ ասելով , որ նա խանութը փորձել է թալանել, սակայն պարեկներին նույնպես չի հաջողվել բռնել նրան։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արտակ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Նա ստացել է «ոտնաթաթի մատի կոտրվածք, արմնկի հոդի կոտրվածք և դեմքի քերծվածքներ» վնասվածքները։

Ոստիկանությունն ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ գողը միայնակ չի եղել, և նրանք եղել են դիմակավորված։ Այդ տեղեկատվությունները օպերատիվ ճանապարհներով պարզվում են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ խանություն տեղադրված անվտանգության ձայնային ազդանշանը միացել է, տերը բահով եկել է խանութ և տեսել, որ ապակին կոտրած է. նա մտել է ներս, այդ ժամանակ հարձակվել են նրա վրա, բահը ձեռքից խլել, նրան գցել գետնին ու սկսել հարվածել, ապա դիմել են փախուստի:

Կիսվել