Վանաձորում որպես անհետ կորած որոնվող տղամարդուն գտել են մահացած
Վանաձորում որպես անհետ կորած որոնվող տղամարդուն գտել են մահացած
Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խնձորուտ թաղամասում գտնվող գետի ափին տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Խնձորուտ թաղամասի Տանձուտ գետի ափին։ Պարեկները տարածքը սահմանազատել են։Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են դիատարին։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի, Արման Գալստյանի գլխավորությամբ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Լոռու մարզի բնակիչ 87-ամյա Էմիլ Ս․-ն էր, ով այս տարվա փետրվարի 29-ից, որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Բազումի բաժնի կողմից։