Մամուլ

Վանաձորում ծանր հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ավտովթարի է ենթարկվել

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ օգոստոսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան – Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և շտապօգնության ավտոմեքենայում գտնվող՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղափոխվող բուժառուն, ինչպես նաև «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

avtovtar shtapognutyun

Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը։Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի վայրում գտնվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, սակայն այդ տեղեկությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ճշտվելու է։Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումը տեղի է ունեցել «Ford Transit»-ի և շտապօգնության ավտոմեքենայի միջև, որից հետո շտապօգնության ավտոմեքենան բախվել է կայանված «Mercedes» և մեկ այլ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաների։

Կիսվել