Մամուլ

Վանաձորի քաղաքապետը զանգել է բնակչին, պահանջել հեռացնել ֆեյսբուքում տեղադրած աղբի նկարները (տեսանյութ)

Նախկին և ներկա իշխանությունների քարոզարշավի հիմնական մեխը Վանաձորի անբարեկարգ, քարուքանդ դարձած փողոցներն են: Զարմանալիորեն բնակիչները դեռ հավատում և սպասում են, թե ասֆալտ փռող մեքենան մի օր իրենց փողոցում կհայտնվի:

Վանաձորի քաղաքապետարան դիմումներ ու նամակներ են ուղարկում պատասխանի ակնկալիքով, բայց Ավետիսյան և Ծատուրյան փողոցների բնակիչները մինչև հիմա սպասում են համայնքապետի բարեգթությանը, որ 30 տարի անց գոնե այն փոքր-ինչ նորոգվի:

Թաղամասի բնակիչները թեև աչքները փակ ճշգրտորեն նկարագրում են տարածքը, բայց հենց տան ճանապարհին էլ վնասվում, կոտրվածքներ են ստանում: Նրանց համար սեփական տուն գնալու ճանապարհը հաճախ փոխարինվում է հիվադանոց տանող ճանապարհով:

Տիկին Սոնան հաշմանդամության կարգ է ստացել տուն գնալու ճանապարհին` ընկած վնասվածքների արդյունքում: Երեխաներն էլ են հաճախ նույն ճակատագրին բախվում. «Մենք ենք գնում, մեր սեփական մեքենաներով, փողոցը շրջանցելով, քանի որ տաքսի ծառայության և անգամ շտապ օգնության մեքենաներն խուսափում են մեր փողոց գալ»:

Բնակիչների համար ամռան այս տապին իսկական պատուհաս է նաև աղբահանությունը: Նրանց հաշվարկով մեքենան տեղ է հասնում 1 նաև 2 ամիսը մեկ անգամ: Նրանք ճարը գտել են՝ ստիպված 300 մ գնում են, որ աղբ թափեն, ու հիմա էլ այնտեղ է աղբը կուտակվում: Փողոցի քանդված վիճակից և աղբի գարշահոտությունից նեղված բնակիչը թաղամասի իրավիճակը նկարագրող նկարներն ուղարկել է քաղաքապետի ֆեյսբուքյան էջին:

Բնակիչների դիմումներին չպատասխանող համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ոչ միայն նամակով է պատասխանել բնակչին, այլև զանգել է նրան. «Զանգեց Ֆեյսբուքյան զանգի միջոցով, պահանջեց հեռացնել նկարները, պատճառաբանելով, թե քաղաքը շատ մաքուր է, և այդ թաղամասը օրը 2 անգամ մաքրվում է: Այսքան մարդն ապրում է, որևէ մեկը տեսե՞լ է, նման բան: Միայն խոստումներ են տալիս, որ կմաքրվի, ամեն օր ստուգում եմ, նույնն է: Խոստանում եմ մաքուր տեսնեմ, դա էլ նկարեմ»:

Նշենք, որ բնակիչները թեև բողոքում են, բայց ամեն ամիս պարտաճանաչորեն մուծում են գանձվող գումարները:

Մանրամասները տեսանյութում․

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել