Մամուլ

Վանաձորը 5 տարում գործարաններով լցնել խոստացող ուժը 20 տարի է՝ մի կրկեսի շենք չի վերջնականացնում. ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ ՀԷՑ-ն ու «Տաշիր» ընկերությունների խումբը ղեկավարող Նարեկ Կարապետյանի՝ Վանաձորի վերաբերյալ վերջին հայտարարություններին:

Կարապետյանը, հիշեցնենք, պատմել է, թե ինչ «տխուր» վիճակ է տիրում Վանաձորում, մարդիկ լքում են քաղաքը, արտագաղթում, չկան աշխատատեղեր ու ապրելու միջոցներ, իսկ իրենք պատրաստ են 5 տարում արդյունաբերական հսկա սարքել Վանաձորը, այն լցնել գործարաններով:

«Վերջը ես էլ նայեցի հայկական քաղաքական դաշտ գաստռոլների ուղարկված, քաղաքականությունը մերժող Նարեկ Կարապետյանի խղճուկ մուտքը քաղաքական ասպարեզ, ավելի ճիշտ՝ խղճուկ մուտքի խղճուկ փորձը: Սովետի փլուզումից հետո ծնված այս երիտասարդի 15 րոպեանոց լոլոյի լեյտմոտիվը մեկն էր՝ Սովետի ժամանակ լավ էր: Լավ էր, քանի որ պետությունը կառուցում էր գործարաններ և մարդկանց համար ստեղծում աշխատատեղեր: Հետևաբար որպեսզի նորից լինի այնպես լավ, ինչպես Սովետի ժամանակ, պետությունը պետք է նորից կառուցի գործարաններ և ստեղծի աշխատատեղեր: Հոգ չէ, որ այդ գործարանների արտադրանքը իրացվելիության խնդիր կունենա: Կարևորը կլինեն աշխատատեղեր ճիշտ այնպես, ինչպես Սովետում:

«Ընտրեք մեզ, և մենք կկառուցենք գործարաններ, բայց ոչ արագ, մի հինգ տարուց: Պրոֆեսիոնալները պետք է զբաղվեն այս հարցով, որոնք կարողանում են արդյունաբերություն ղեկավարել: Դուք պետք է որոշեք՝ ընտրում եք ապաքաղաքական աշխատանքով զբաղվող ուժի՞, թե՞ նորից գնում քաղաքական ուժերի հետևից, որոնք ընդամենը սարքում են ճանապարհներ և դպրոցներ»:

Անշուշտ զավեշտալի է, որ Վանաձորը հինգ տարում գործարաններով լցնել և արդյունաբերական հսկայի վերածել խոստացող «ապաքաղաքական աշխատանքով զբաղվող ուժը», նույն ինքը՝ «Տաշիր կապիտալը», որի տնօրենը նույն ինքը՝ Նարեկ Կարապետյանն է, 20 տարի է, ինչ մի կրկեսի շենք չի կարողանում վերջնականացնել ու շահագործման հանձնել, բայց դա թողնենք մի կողմ:

Թվում է՝ այս մարդիկ ոչ միայն չեն գիտակցել, որ Սովետը վաղուց քանդվել է, այլ նաև «պրոֆեսիոնալ արդյունաբերողներ», բիզնեսմեններ լինելով՝ չեն հասկացել, որ Հայաստանում վաղուց ազատ շուկայական տնտեսություն է, որ մենք վաղուց պոստ ինդուստրիալ հասարակություն ենք, որտեղ պետությունը կառուցում է հենց ճանապարհներ և դպրոցներ, իսկ գործարաններ չի կառուցում, այլ ստեղծում է պայմաններ բիզնեսի/մասնավորի համար՝ այդ թվում՝ կառուցելով ճանապարհներ և դպրոցներ: Նորություն չէ, որ կառուցված որակյալ ենթակառուցվածքները բերում են տնտեսական աշխուժություն, նոր բիզնեսներ: Գոյատևում և բարգավաճում են այն բիզնեսները, որոնք կենսունակ են ու ժամանակի ընթացքում ցույց են տալիս իրենց արդյունավետությունը:

Բայց դա միայն թվում է։ Ի վերջո, եթե գործարան կառուցելն այդքան ձեռնտու բան է, ինչո՞ւ են «պրոֆեսիոնալ արդյունաբերողները» այդ շահը թողնում պետությանը, թե՞ ձեռնտուն ընտրություններին ընդառաջ ժողովրդին «խոր անասունի» տեղ դնելն է:

Մեկ այլ զավեշտ է արդեն 23-րդ ճանապարհ փնտրող, իրեն տարիներ առաջ «կլասիկ (դասական) քաղաքական գործիչ» հռչակած Էդմոն Մարուքյանը: Հիացմունքով տարածել է ինդուստրիալ հսկա Նարեկի լոլոն, որում վերջինս պնդում է. «Դասական քաղաքական գործիչները չեն կարող Հայաստանին բերել արդյունաբերության զարգացում»:

Եվ վերջում, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիծիկա»: Նարե՛կ ջան, կպիր գործերիդ, սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արա»,- գրել է Ջուլհակյանը: