Վայոց ձորի մարզում ցեմենտով բարձված «KamAZ»-ը բախվել է հողաթմբին․ վարորդը մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 02:30-ի սահմաներում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Արման Մանգասարյանը իր վարած «KamAZ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել հողաթմբերին և ճամփեզրի ժայռին, ինչի հետևանքով ավտոմեքենան մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչ Մանուկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչութուն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «KamAZ»-ը բարձված է եղել ցեմենտի հումքով, որն ամբողջությամբ թափվել է: