Վալերիյ Օսիպյան, ինչպես նախկինում նախորդ ռեժիմի, հիմա էլ կատարում եք այս իշխանության հանձնարարականները
Վալերիյ Օսիպյան, ինչպես նախկինում նախորդ ռեժիմի, հիմա էլ կատարում եք այս իշխանության հանձնարարականները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչը հակասահմանադրական է: Նա ընդունելի համարեց ներկայիս դատավորների մասին վարչապետի հայտարարությունները:
«Կարելի էր սկսել միանգամից երկրորդ արարից: Իսկ այն կոչը, որ արվեց՝ շրջափակել դատարանները, դա հակասահմանադրական կոչ էր, մենք դա համարում ենք ՀՀ միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված և պատահական չէ, որ նաև միջազգային որոշ կազմակերպություններ բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին: Ինձ զարմացնում է մեկ բան՝ մենք ասում ենք, որ վերջապես «ոստիկանը մերն է», սակայն նրանք դատավորին թույլ չէին տալիս մտնել իր աշխատասենյակ:
Երբ դատավորը պատուհանից էր փորձում մտնել, սակայն հրեցին, ոստիկանները այնպես էին կանգնած, ինչպես մի ժամանակ, երբ ՀՀԿ-ականներն էին ծեծում-ջարդում ժողովրդին և (ոստիկանները/ խմբ.) չէին միջամտում, իրենք որեւէ կերպ չմիջամտեցին: Այնպես որ, ես ասում եմ՝ Վալերի՛յ Օսիպյան, Դուք Ձեր տեղում չեք, ինչպես նախկինում դուք կատարել եք նախորդ ռեժիմի հանձնարարականները, հիմա էլ կատարում եք այս իշխանության հանձնարարականները»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությունը, այն համարեց անդեմ: «Ցավոք, դա ՀՀ նախագահի, ով երկրի անվտանգության երաշխավորն է, հայտարարություն չէր՝ զգուշավոր, վախվորած, որեւէ ողնաշար չունեցող հայտարարություն էր, և ես շատ ցավում եմ, որ ՀՀ նախագահն, ըստ իս, ինչ-ինչ բաներով կաշկանդված՝ չկատարեց երկրի սահմանադրությամբ երաշխավորված իր պարտականություններ: Հստակ պետք է լիներ հայտարարություն, որ եղել է հակասահմանադրական քայլ: Որևէ իշխանություն իրավունք չունի գրոհի հրաման տալու՝ անկախ իշխանության որևէ թևի վրա»,-ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ թեև ինքն էլ չի հավատում դատավորների «ռեսթարթին», սակայն դա չի նշանակում, որ պետք է կատարել հակասահմանադրական քայլեր: «Եթե հեղափոխության երկրորդ փուլին մենք տեսանք, որ մասնակցեց 1100 մարդ: Եթե նրանք են առաջամարտիկները, ապա ես շնորհավորում եմ իշխանությանը, որ մեկ տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, երեկ հանեց ընդամենը 1100 մարդ»,-ասաց նա և նշեց, որ վիրահատական միջամտությունները չպետք է լինեն հակասահմանադրական:
Աղբյուր՝ tert.am