Մամուլ

Սև ծովի ափին վիրուս է տարածվում. ինչպես պայքարել

Վերջին օրերին հարևան երկրների տարբեր լրատվական կայքեր և հեռուստաընկերություններ անդրադառնում են ռոտավիրուսի՝ իրենց շրջանում հայտնաբերված դեպքերին, վիրուսի կանխմանը, կանխարգելիչ միջոցառումներին։ Մասնավորապես՝ նշվում է, որ վերոնշյալ վիրուսը տարածվում է Սև ծովի ափին, և կան հիվանդացությունների բազմաթիվ դեպքեր։

Հայաստանի Հանրապետությունում, սակայն, այս պահի տվյալներով վիրուսի բռնկում նկատելի չէ։

Պարզելու՝ այս վիրուսի համար ինչպիսի «հետաքրքություն է ներկայացնում» Հայաստանի Հանրապետությունը, ինչպիսի քայլեր են ձեռնարկվում նրա տարածումը կանխելու ուղղությամբ, և ովքեր են վիրուսի նկատմամբ թիրախային գոտում, Oragir.News-ը զրուցել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։

«Ռոտավիրուսային վարակը դիարեային, այսինքն՝ փորլուծային հիվանդություն է, որը հարուցվում է ռոտավիրուսներով։ Ռոտավիրուսը երեխաների շրջանում ծանր ուղեկցվող փորլուծային հիվանդությունների հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում և ռոտավիրուսների վարակի սեզոնին հոսպիտալացման հիմնական պատճառն է աղիքային վարակների պատճառագիտության մեջ։

Այս համատեքստում է, որ 2012 թվականից Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ ներդնելու ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները Պատվաստումների ազգային օրացույցում և այդ թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում են պլանային պատվաստումներ ռոտավիրուսային վարակի դեմ։ Առաջին դեղաչափ պլանային պատվաստումը իրականացվում է 6 շաբաթականում, երկրորդ դեղաչափը՝ 12 շաբաթականում։ Ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումները բավական արդյունավետ են ռոտավիրուսի ծանր ձևերի կանխարգելման գործընթացում։

Մինչև 2012 թվականը ռոտավիրուսային վարակների սեզոնի ընթացքում, որի սեզոնայնությունը դիտվում է տարվա ցուրտ ամիսներին՝ աշնան վերջից՝ գարնան սկիզբ, մինչև 5 տարեկան հոսպիտալացված հիվանդների 55-60 տոկոսը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով, սակայն պատվաստումների ներդրումից հետո հոսպիտալացումների թվի կրտուկ նվազում է դիտվել՝ մոտ 6 անգամ։

Նվազումը հատկապես ակնառու է պատվաստումային տարիքի ենթակա երեխաների շրջանում, թեպետ ընդհանուր պոպուլյացիայում ևս դիտվում է ռոտավիրուսային վարակների հիվանդացության նվազում։ Այս վարակի դեմ պատվաստվելը չի կանխարգելում հիվանդության առաջացումը պատվաստվածի մոտ, այլ կանխարգելում է վարակով պայմանավորված հիվանդության ծանր դեպքերի առաջացումը և կրճատում է հոսպիտալացումը։ Համեմատելով այս վարակով բոլոր տարիքային խմբերում 2022 թվականի հիվանդացության տվյալները 2023-ի հետ՝ ունենք որոշակի նվազում՝ մոտ 1,04 անգամ»։

Հարցին՝ որոնք են վիրուսի առաջացման պատճառները, Գրիգորյանը նշեց, որ վիրուսը ամբողջ աշխարհում է հանդիպում, հպավարանցիկ է, և այն հեշտ ուղղությամբ փոխանցվում է հիվանդից առողջին․

«Հիմնականում վարակվում են երեխաները, թեպետ կարող են վարակվել նաև մեծահասակները։ Վարակված երեխան կեղտոտ ձեռքերի, խաղալիքների, առարկաների միջոցով կարող է շատ մեծ հեշտությամբ տարածել վարակը առողջ մարդուն։ Վարակը տարածվում է նաև կղանքաբերանային մեխանիզմով, ինչպես ցանկացած աղիքային վարակ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել