Մամուլ

Սևանա լճի հայտնի լողափից քաղաքացիները դուրս են բերել տղամարդու մարմին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական և ջրասուզակների հերթապահ խումբը, սակայն քաղաքացիները իրենց ուժերով լճից դուրս են բերել քաղաքացու մարմինը։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  քննչական վարչության պետ Արթուր Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 69-ամյա Էդիկ Ղ․-ն է, ով ժամը 18։30-ի սահմաններում Սևանա լճի «Նասոյի Սաքո» կոչվող լողափում՝ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա լողալիս, ջրահեղձ է եղել, որից հետո քաղաքացիները նրան դուրս են բերել ու ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել