Մամուլ

Սևակ Հովհաննիսյանը բացառիկ երիտասարդ էր, նրա լուսավոր ժպիտը միշտ կմնա մեր հիշողության մեջ

Փետրվարի 17-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։

Bavnews.am-ը տեղեկացավ, որ Սևակ Հովհաննիսյանը բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։ Ընտանիքի կրտսեր որդին էր:

Մեզ հետ զրույցում Կոտայքի պետական քոլեջից հայտնեցին, որ Սևակը բացառիկ երիտասարդ էր՝ խելացի, նպատակասլաց և աշխատասեր։

«Սևակ Հովհաննիսյանը փայլում էր իր մասնագիտական գիտելիքներով, պատասխանատվությամբ և դաստիարակությամբ, ինչի համար արժանացել էր դասախոսների ու համակուրսեցիների մեծարանքին։

Նրա լուսավոր ժպիտը, ձգտումը դեպի կատարելություն և մարդկային բարձր արժեքները միշտ կմնան մեր հիշողության մեջ»։

Սևակ Հովհաննիսյան

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սևակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված ու արդյունքում այդ վեճից հետո՝ այսօր, զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։

Bavnews.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է:

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։