ՄամուլՏեսանյութ

Ստացվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանի ավտովթարի դեպքով եզրակացությունները. ինչ վիճակում է նա եղել

Armlur.am-ը գրում է․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխան, որով հիմնավորվել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դեպքի օրը որեւէ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել:

Արդյունքում մինչ օրս առեղծված է մնում այն հանգամանքը, թե ինչ հանգամանքներում նրա մեքենան հայտնվեց ձորի խորքում, ինչպես մահացավ։ Սա նշանակում է, որ 3 ամիս անց դեռ առեղծված է մնում պատգամավորի մահը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը, մոտ 350-400 մետր գլորվել է խորքում: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը, ում նախորդ օրվանից որոնում էին:

Պատգամավորի գործընկերները Armlur.am-ի հետ զրույցում պատմել էին, որ Սահակյանը օդանավակայան էր գնացել, դիմավորել էր արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել՝ ասելով, թե գործեր ունի:

Դեպքից 1 ամիս անց կարեւոր հարցերը մնում են անպատասխան։ Ո՞ւր է գնացել Մհեր Սահակյանը: Ո՞ւմ հետ է եղել: Ինչո՞ւ է հասել Տիգրանաշենի ոլորաններ: Հարազատները նշում են՝ այդ տարածքներում ծանոթ-բարեկամ չունեն։

Ո՞ւմ հետ էր խոսել վերջին անգամ, ի՞նչ էր ասել։ Կարո՞ղ էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել՝ վնասելու նպատակով: Հնարավո՞ր է՝ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ քինախնդրություն դրսևորի, վրեժխնդիր լինի նրանից, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ 2023 թվականի մարտի 31-ին, հարվածեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Ինչո՞ւ կա այս հարցը, որովհետեւ ՔՊ-ականները դաժան վրեժխնդիր եղան երիտասարդ Սամվել Վարդանյանից: 2024 թվականի ապրիլի 16-ին նրան զինված դիմակավորված անձինք մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին, միայն այն բանի համար, որ ավտոբուսում վիրավորել էր ՔՊ-ական (հիմա արդեն նախկին) պատգամավոր Հակոբ Ասլանյանին:

Գուցե եղանակային պայմաններով պայմանավորված մոլորվե՞լ էր 14 տարի այդ մեքենան վարող Մհեր Սահակյանը: Միգուցե ինչ-որ մեկը մեքենան վարել է նրա ուղղությա՞մբ, ինչի պատճառով էլ Սահակյանի ավտոմեքենան գլորվել է ձորը: Իսկ գուցե իսկապես դժբախտ պատահա՞ր է տեղի ունեցածը, եւ մյուս հարցերը չեն կարող գոյություն ունենալ: