Մշակույթ

Սվետլանա Գրիգորյան՝ «Ծիծաղի թագուհին»․ Ես ամուսնացած եմ թատրոնի հետ, դերերն էլ երեխաներս են

Սվետլանա Գրիգորյան ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Դեռ թատերական ուսումնարանի ուսանող էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։

Կենսախինդ, գեղեցիկ ու խնդումներես այս դերասանուհին զարմանալիորեն անձնական կյանքում չգտավ իր երջանկությունը: Երբ նրան հարցնում էին` ամուսնացա՞ծ եք, պատասխանում էր. «Այո, ես ամուսնացած եմ թատրոնի հետ, դերերն էլ երեխաներս են»: 

Պարոնյան թատրոնի բեմում դերասանուհին իր բեմական գործունեությունն սկսեց Կարպ Խաչվանքյանի հետ և նրա վերջին դերով էլ ավարտվեց փայլուն դերասանական դուետը: «Բախտս բերեց, որ խաղացի Կարպի հետ, սա, մի տեսակ, ճակատագիր էր»,- ասել էր Սվետլանա Գրիգորյանը:

svetlana grigoryan 3

Սվետլա Գրիգորյանին հարցազրույցի հրավիրելն այնքան էլ հեշտ չէր, նա չէր սիրում անկեղծանալ լրագրողների հետ, հայտնվել մամուլում, խոսել իր անձնական կյանքից… Դերասանուհին համեստաբար բոլորին մերժում էր` պատճառաբանելով, որ իր գործը ոչ թե հարցազրույց տալն է, այլ բեմում խաղալը, ինչը նա նվիրումով կատարեց գրեթե մինչև կյանքի վերջը:

svetlana grigoryan 2

Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։

Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Կիսվել