Սպիտակցի Հայկոն առանց պայքարի հաղթել է կառավարական մրցույթում. 1.5 մլն դոլարի հետքերով
Սպիտակցի Հայկոն առանց պայքարի հաղթել է կառավարական մրցույթում. 1.5 մլն դոլարի հետքերով
ArmLur.am-ը գրում է․ Սեպտեմբերի 21-ի անկախության տոնակատարությունների կազմակերպման աշխատանքները շարունակում են հետաքրքրություն առաջացնել ոչ թե անկախության բովանդակության, այլ կազմակերպչական հարցերի իմաստով:
Երեւանի Հանրապետության հրապարակում անկախության օրով կհնչեն հայրենասիրական երգեր «ռաբիս» կատարողի շուրթերից: Իսկ ինչպես է պատահել սա:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անկախության 31-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառմանը, Հանրապետության հրապարակում երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի, ելույթ ունենալու փաստը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն հանրության, այլեւ իշխանական վերնախավի եւ պետական մարմինների շրջանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանկարծակի որոշումը, գլխիվայր է շրջել Կառավարության նախնական ծրագիրը, քանի որ նախապես հայտարարված մրցույթն, ըստ երեւույթին, այդպես էլ չի կայացել եւ առանց մրցույթի հանկարծակի որոշվել է, որ պետք է սպիտակցի Հայկոն երգի անկախության 31-ամյակի միջոցառմանը:
ArmLur.am-ը ՀՀ Կառավարությունից գրավոր պարզաբանումներ էր պահանջել, թե սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ կազմակերպվող համերգին ի՞նչ սկզբունքով է ընտրվել միակ երգիչ Հայկ Ղեւոնդյանի թեկնածությունը:
Արդյոք այլընտրանքային տարբերակ քննարկվել է, թե ոչ: Եթե այո, ապա, ո՞վ կամ ովքե՞ր են եղել: Եւ ամենակարեւորը՝ նախապես հայտարարված մրցույթը ինչու չի կայացել: Ի պատասխան գործադիրը հայտնէլ է.
«ՀՀ անկախության հռչակման տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռբերման նպատակով վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-22/1 ծածկագրով երկփուլ մրցույթ:
Մրցույթի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը (այդ թվում՝ գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները) հրապարակվել է գնումների պաշտոնական տեղեկարգում՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 21.07.22 հ նիստին կայացրած որոշմամբ՝ ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-22/1 ծածկագրով երկու փուլով մրցույթը հայտարարվել է չկայացած՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Այսինքն չի եղել մասնակից, որը կհամապատասխանի մրցույթի պայմաններին։ Ընթացակագի շրջանակներում պատվիրատուի կողմից ձեւավորվել է ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված մասագիտական խումբ, որի կողմից մշակվել եւ ներկայացվել է ձեռք բերվող ծառայության բնութագիրը»:
Այսինքն մրցույթը հայտարարվել է, համարվել՝ չկայացած, հետո ինչ որ գերատեսչություններ՝ ծանոթ բարեկամով, որոշել են, որ պետք է սպիտակցի Հայկոն ելույթ ունենա, ընթացքում էլ Հայկական պետական սիմֆոնիկ նվագախումբը պետք է միանա:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը իր անհամաձայնությունն է հայտնել այս սցենարի մասով: Մենք զրուցեցինք նաեւ Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի հետ:
ArmLur.am-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանն ասաց, որ նոր է վերադարձել Հայաստան, սեպտեմբերի 21-ին էլ երկրում չի լինելու, հետեւաբար, չի կարող ասել՝ սիմֆոնիկն այդ օրը ելույթ կունենա, թե ոչ:
«Ինձ հետ նման քննարկում չի եղել, եւ ես վրդովվմունք չեմ հայտնել, բացի դա չեմ կարծում, որ հիմա մարդկանց կարծիքը կարող է ինչ-որ բան փոխել: Այստեղ ավելի շատ անձի հարցը չէ, ես որպես ակադեմիական ոճի երաժիշտ, միշտ պատկերացնում եմ, որ բոլոր երաժշտական ուղղությունները կարող են իրար օգնել:
Ես կատեգորիկ դասակարգումներին դեմ եմ: Ամեն դեպքում, եթե ասում են, որ պետք է լինի նաեւ սիմֆոնիկ նվագախումբը, արդեն արտասովոր երեւույթ է եւ բովանդակային հստակ չեմ կարող ասել ինչ է լինելու, կարող է բովանդակային ինչ-որ բան են պատրաստվում, որը որ կլինի կրեատիվ, նոր ասելիք, նոր խոսք»,-մեզ հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը: