Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ
Shamshyan.com-ը գրում է․ «Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան 4-րդ նրբանցքի 48 տան մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խմբերը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:
Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք վիճաաբնության, ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, հիվանդանոցային ահզանգեր եղել են, թե ոչ:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Իմացանք, որ Արկադիի տան մոտ մի քանի հոգի վիճաբանել է, հետո իրար են տվել, ու էդ ժամանակ կրակոցներ են հնչել: Լավա, որ քրեականի ու համայնքայինի ոստիկանները շուտ եկան, թե չէ՝ չես կարա ասես, ինչ կլիներ, հաստատ էստեղ դիակներ էին տեսնելու:
Հիմա մնում ա՝ պարզեն, խի են իրար տվել ու իրար վրա կրակել»:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։