Սպորտ

Սպասում էի, որ մրցանակակիր կլինեմ, բայց որ չեմպիոն կդառնամ՝ չէի սպասում. Արթուր Դավթյանը՝ Մինսկից

Շատ ուրախ եմ ոսկե մեդալ նվաճելուս համար։ Այս անգամ բախտն ինձ ժպտաց, բայց իրականում այդքան էլ չէի սպասում, որ կնվաճեմ չեմպիոնի տիտղոսի կոչումը։ Սպասում էի, որ մրցանակակիր կլինեմ, բայց որ չեմպիոն կդառնամ՝ չէի սպասում։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մինսկից ասաց Եվրոպական խաղերի նորընծա չեմպիոն, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը։

Հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը  15.016 միավորով հռչակվեց Եվրոպական խաղերի չեմպիոն։

«Մեդալի ակնկալիք ունեի։ Սպասում էի, որ մրցանակակիր կլինեմ, բայց որ չեմպիոն կդառնամ, չէի սպասում։ Մինսկ գալուց առաջ նպատակս անպայման մեդալ նվաճելն էր։ Մտածում էի, որ գոնե մեդալով պետք է վերադառնամ։ Ցատկերս շատ լավ արեցի։ Կյանքում այսպես չէի կատարել, շատ լավ ստացվեց։ Այսօր իմ օրն էր։ Բոլորին շնորհակալ եմ, ով երկրպագում էր ինձ»,- ասաց Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյանը Եվրոպական խաղերում դուրս էր եկել բազմամարտի, ազատ վարժությունների եզրափակիչ։ Ազատ վարժությունում Դավթյանը 6-րդն էր, բազմամարտում՝ 5-րդը։

Եվրոպական խաղերի վերջին օրը սպորտային մարմնամարզության օղակների վարժությունում արծաթե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը։

Ոսկե մեդալներ են նվաճել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինսկում չեմպիոն էր դարձել նաեւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, որը եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին։

Աղբյուր՝ news.am

Կիսվել