Սպանվել է ՔՊ-ի տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
Հոկտեմբերի 25-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում հնչել են կրակոցներ։
Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի։
Մինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը, ոստիկանության Դավթաշենի բաժին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նշված վայրից մեկ անձ «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Շմավոն Աթոյանն է։
Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով։
Նա հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ։


