Մամուլ

«Սպայկա»-ն պետբյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ. հարուցվել է քրեական գործ

2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախապատրաստվել են նյութեր: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 18,671,808,672 դրամի 61.084.701 կիլոգրամ քաշով լոլիկի արտահանում Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Արտահանված լոլիկի քանակից առնվազն 44.912.368 կիլոգրամի իրացումն ընկերության պատասխանատու աշխատակիցները հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթերում ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկ կիլոգրամ լոլիկը հայտարարագրելով 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել:

Ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր ներկայացնելու հետևանքով, 2015-2017 թվականների համար հարկային տեսչություն ներկայացված ռեզիդենտի շահութահարկի հաշվարկով, առնվազն 10,226,412,296 դրամ գումարի պակաս շրջանառություն է ցույց տրվել, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածի համար շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2,045,282,459 դրամ գումար:

Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 13-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կիսվել