Սուրենը դեռ որոշ ժամանակ ողջ է եղել, եթե շուտ հասնեին կփրկվեր
Սուրենը դեռ որոշ ժամանակ ողջ է եղել, եթե շուտ հասնեին կփրկվեր
Forrights.am-ը գրում է․ Սեպտեմբերի 1-ին 19 ամյա բնակիչ, Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Սուրեն Ալթունյանը Ստեփանակերտից պետք է գար Երևան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար քննություններ հանձնելու։
Դեռ ամռանն էր դիմումը տվել բուհ ընդունվելու։ Բայց խառը ժամանակ էր, զորամասի ղեկավարությունը, որտեղ տղան ծառայում էր, թույլ չտվեց, որ գա։ Հերթական 15-օրյա արձակուրդը չստացավ։ դիրքում թիվ մեկ պատրաստվածություն էին հայտարարել։ Սեպտեմբերի 19-ին նա պետք է տուն գնար, լողանար, հետ գնար դիրքեր։
Այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին Սուրենենց տանը՝ Սասունցի Դավիթ, 54, 30 բնակարանում տոն էր։ Ալթունյանները՝ մայր, հայր, քույր, տատիկ՝ Սուրենին էին սպասում, որին չէին տեսել մեկ ամիս։ Բայց նա ուշանում ու ուշանում էր։
«Էդ ժամանակ իմացա, որ նորից «համար մեկ” են հատարարել։ Ամուսինս զանգեց՝ թե Սուրեն ջան,բա ե՞րբ ես գալու, չես գալի՞ս, «կիպյատելնիկը” գցել եմ, ջուրը տաքացրել։ Ժամը մեկ անց կես էր գիշերվա։
Ծիծաղելով ասեց՝ չէ, պապ ջան, դեռ չեմ գալիս։ Տենց մի քիչ էլ սպասեցինք, զանգեցինք, զանգերը գնում են, ոչ ոք չի պատասխանում։ Երեք օր էլ սպասեցինք։ Ամուսինս գնաց իրենց դիրքը։ Իմացանք, որ էդ օրը գիշերվա երեքին վեց հոգի զոհվել են, Սուրենն էլ հետները։ Բայց մենք դեռ սպասում էինք։ Էդպես երեք օրից ամուսինս գնաց մորգերը ստուգեց ու գտավ։ Տեսավ՝ մարմինը կա, ոտքերը չկան։ Հրետանին խփել էր, ոտքերը կտրվել էին երեխիս»,, – մղկտում է մայրը՝ Շողիկ Ալթունյանը։
Նրան ասել են, որ շտապօգնությունը ուշ է հասել, Սուրենը դեռ որոշ ժամանակ ողջ է եղել, որ եթե շուտ հասնեին, կփրկվեր։ “Բայց ոչ դեղ ա եղել, ոչ բենզին, որ գնան, շուտ հանեն Սուրենիս», – պատմում է կինը Forrights.am-ի հետ զրույցում։
Նա չի փոշմանել, որ որդին զինվորական էր։ Ասում է՝ «Տղա էր, պետք է իր պարտավորությունը կատարեր, իհարկե, լավ կլինի, որ խաղաղություն լինի, կմտածեմ, որ իզուր չ մահացավ»։
40 տարեկան է Շողիկը։ Ասում է՝ որդու կորստից հետո երկու ամսում ծերացել է։ Տանջվում է, որ այդպես էլ չտեսավ որդու դեմքը։ Նրան փակ դագաղով են բերել, մահից 4 օր անց։ Ղարաբաղում լույս չկար, բերել են Գորիսով Էջմիածին, նոր հերձել են մարմինը։ “Ամուսնուս հայրն էլ է զոհված, 92 թվին։ Գյուղում են թաղել։
Թուրքերը եկել են, քանդել մարմինը։ Ամուսինս ասեց՝ որտեղ ես, էնտեղ էլ էրեխես։ Պետք է տանեմ։ 150 դի սպայկայի մեքնեան բարձեցին, մենք էլ մեր մեքենայով հետևից եկանք Գորիս, գորիսից Էջմիածին, այնտեղից էլ Եռաբլուր», – հիշում է Շողիկը։
Հիմա նա Արարատի մարզի Ազատաշեն գյուղից ամեն օր գնում է Եռաբլուր։ Ուրախ է, որ մեքենայով 15 րոպեյում տեղ է հասնում։ Փախստականներն այս և կողքի գյուղերում շատ են։ Իրար գլուխ են հավաքվում, հիշում մահացածներին, հիշում հայրենիքը, ամեն ինչ։
Սուրենը ընկերուհի ուներ, որը նույնպես ապրում է Ազատաշենում։ «Էդ աղջիկը որ գալիս է մեր տուն, երեսին չենք կարողանում նայել, ոնց որ մի հանցագործություն գործած լինենք։ Բայց ինքը ասում է՝ որ գալիս եմ, հանգստանում է հոգիս, ինքն էլ է տանջվում, էդ երեխան», – ասում է Շողիկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում