Մամուլ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են 16-ամյա տղայի կյանքը․ ի՞նչ էր պատահել

Երեկ՝ հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը: 

Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղափոխված տղան 16 տարեկան է և ունեցել է ազդրի միջին երրորդականի շրջանում ծակած-կտրած վերք: 

«Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն բժիշկներին հաջողվում է փրկել տղային:

Աղբյուրի տեղեկություններով՝ հունիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկա» բանավանում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է՝ որպես Սոթքի բանավան, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի հետ, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է երեխային: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարրության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներ Աշոտ և Արտակ Ա.-երին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը կռվի մասնակցիները փորձել են թաքցնել իրավապահներից, սակայն դա նրանց չի հաջողվել: