Մամուլ

Սոլովյովը հատուկ ռազմական գործողությամբ սպառնում է Ադրբեջանին

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի իր հաղորդման եթերում ակնարկել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը (ՀՌԳ) կարող է առաջիկա տարիներին Ռուսաստանի համար վերջինը չլինել։

Նրա խոսքով՝ սպառնալիքը գալիս է Կասպից ծովում ՆԱՏՕ-ի հնարավոր բազաներից, ինչպես նաև Ադրբեջանից, որի հետ Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում սրվել են։

«Այն, ինչ տեղի է ունենում մեր մոտ Հարավային Կովկասում, շատ մեծ խնդիր է։ Կասպից ծովը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որ այնտեղ ՆԱՏՕ-ի բազաներ կարող են հայտնվել։ Դա այնքան վտանգավոր է, որ եթե դիտարկենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա ներկայիս հատուկ գործողությունը կարող է մեր սերնդի համար վերջինը չլինել»,- հայտարարել է Սոլովյովը։

Հեռուստահաղորդավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանում բնակվող սփյուռքների թեմային։ Նա բացահայտորեն մեղադրել է ադրբեջանական սփյուռքի ռուսական անձնագրեր ունեցող ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի փոխարեն Ադրբեջանի շահերից ելնելով աշխատելու համար։ Հաղորդավարը իրավապահ մարմիններին կոչ է արել զբաղվել այս հարցով։