Սնուփ Դոգի համերգը չեղարկել, դրա համար նախատեսված գումարն ուղղել ՀՀ սահմանների պաշտպանությանը
Սնուփ Դոգի համերգը չեղարկել, դրա համար նախատեսված գումարն ուղղել ՀՀ սահմանների պաշտպանությանը
«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը Հայաստանում Սնուպ Դոգի համերգը չեղարկելու և դրա համար նախատեսված 6 միլիոն դոլարը Հայաստանի սահմանների պաշտպանությանն ուղղելու պահանջով կոլեկտիվ հանրագրին միանալու կոչ է անում․
«Սիրելի հայրենակիցներ,
Վերջին ժամանակներում Հայաստան են գալիս կամ փորձում գալ համերգային ծրագրերով այնպիսի երգիչ-կատարողներ, որոնց պահվածքը, տեսահալովակները աչքի են ընկնում անթաքույց անբարոյականության, այլասերվածության, սրբապղծության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, թմրամոլության ու պղծության քարոզ: Սա սպառնալիք է ներկայացնում մարդկանց հոգևոր անվտանգության տեսանկյունից և հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը:
Այս անգամ ՀՀ կառավարությունն է արդեն «Հրազդան» ստադիոնում սեպտեմբերի 23-ին համերգ տալու համար հրավիրել Սնուպ Դոգ անունով մի երգչի, ով բացահայտ թմրամոլ է, պոռնոֆիլմերի պրոդյուսեր, աշխարհում ամենահայհոյախառն երգիչների եռյակում է, ձերբակալվել է ապօրինաբար կոկային պահելու մեղադրանքով և ենթարկվել կալանքի:
Ավելին, հարկատուների հաշվին, ում կարծիքը բնականաբար չեն հարցրել, կառավարությունը այդ միջոցառումը կազմակերպիչին հատկացնելու է 2.318.596.800 (երկու միլիարդ երեք հարյուր տասնութ միլիոն հինգ հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (համարժեք է 6 միլիոն ԱՄՆ դոլարի):
Այդ գումարով կարելի է ամրացնել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, մասնավորապես՝ գնել 100 էքսկավատոր դիրքերի ինժեներական աշխատանքների համար: Այդ գումարը բավական է գնելու 300 միկրոավտոբուս գյուղերի միջև մարդկանց փոխադրման համար, կամ 360 տրակտոր աղքատ գյուղերի գյուղատնտեսական աշխատանքների համար, ստեղծել 20 մեգավատ արևային կայան, կառուցել 6 նոր բարձրակարգ դպրոց և այլն: Սա միայն ֆինանասական կողմն է:
Ըստ կառավարության՝ ծրագրի շահառուներն են լինելու հանրության լայն զանգվածներ, այդ թվում՝ սոցիալապես խոցելի խմբեր:
Մեզ համար անընդունելի է, երբ ՀՀ կառավարությունը մեր գումարների հաշվին խրախուսում է հայհոյախառն և քրեական ենթամշակույթին մոտ կենսագրություն ունեցող երգչին: Ուստի, առաջարկում ենք բոլոր արժանապատիվ, բարոյական-հոգևոր արժեհամակարգ ունեցող հայրենակիցներին միանալ Կառավարությանն ուղղված կոլեկտիվ հանրագրին՝ առաջարկով.
Սնուպ Դոգի միջոցառումը չեղարկել (Ծրագիրն ուժը կորցրած ճանաչել), իսկ Ծրագրի համար նախատեսված 2.318.596.800 ՀՀ դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը:
Ովքեր ցանկանում են միանալ այս հանրագրին, խնդրում ենք մինչև 10.09.2023թ. ստորև նշված հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը:
Շնորհակալություն բոլոր միացողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:
Սրբազան Հայաստան»