Սյունիքի մարզպետը դադարեց անդամակցել ԲՀԿ-ին և ինքնակամ ազատվեց պաշտոնից
Սյունիքի՝ օրերս պաշտոնից հեռացած մարզպետ Կարեն Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ պաշտոնից ինքնակամ ազատվել է և դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
«Սիրելի՛ սյունեցիներ, Ինչպես գիտեք, հոկտեմբերի 4-ին ես դիմում էի գրել պաշտոնից ազատվելու համար, և ՀՀ կառավարության որոշումով ազատվեցի Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Շնորհակալություն եմ հայտնում այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ձեռքբերած իմ համախոհներին` իմ աշխատանքի, գաղափարների, թիմի հանդեպ ցուցաբերած վստահության, գնահատանքի համար: Ձգտել եմ սկիզբ դնել մարզի համար կարևոր գործընթացների ու կայուն հուն ապահովել դրանց համար, որոնք, հուսով եմ, շարունակություն կունենան:
Շնորհակալ եմ նաև իմ ընդդիմախոսներին ու բնական եմ համարում քննադատությունն ու ղեկավար պաշտոնում աշխատող մարդու գործունեության հանդեպ պահանջկոտությունը: Այդուհանդերձ, իմ ծառայությունը Սյունիքին ու մեր հանրապետությանը ես ավարտված չեմ համարում և քանի որ անտարբեր չեմ մեր մարզում ու երկրում ընթացող քաղաքական իրողությունների հանդեպ և լսելով այս վերջին օրերին ինձ հղված` իմ հայրենակիցների հորդորները, կոչերը, որոնք չեմ կարող հաշվի չառնել` ես դադարեցնում եմ նաև իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Համաժողովրդական վերածննդի պայքարն սկսեց ժողովուրդը, սկսեցինք բոլորով, համախմբվեցինք մեկ առաջնորդի շուրջ, և դրա վերջնական հաղթանակի ու հաջողության գրավականը կրկին ժողովուրդն է: Ուստի, այսօր ևս պարտավոր ենք լինել մեր քաղաքացիների կողքին, քանի որ որոշիչը բոլորիդ կամքն է, ու պետք է համախմբվենք միասնական պայքարի ու նրա հիմքում եղած գաղափարների շուրջ: Այսուհետ ևս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում»: