Սյունիքի մարզում Mercedes-ը անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 5 վիրավոր․ առաջինը օգնության են հասել քաղաքացիները
Սյունիքի մարզում Mercedes-ը անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 5 վիրավոր
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 191 կմ հատվածում, Սպանդարյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Սիսիանի փրկարարները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: