Մամուլ

Սյունիքի մարզում մեքենան հայտնվել է ձորում․ 2 հոգի տեղում մահացել են, կա 1 վիրավոր․ բոլորը ընտանիքի անդամներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Սիսիանի փրկարարական ջոկատի պետի գլխավորությամբ։

syuniq avtovtavtar honda

Այս պահին փրկարաներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ դեպքի վայրում տեղեկություններ են ստացվել, որ ևս 1 հոգի եղել է ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը և ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը։

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։

Կիսվել