«Սմերչ»-ի հրթիռները կրակելիս չեն պայթում. Ադրբեջանը դժգոհ է ռուսական զենքի որակից
«Սմերչ»-ի հրթիռները կրակելիս չեն պայթում. Ադրբեջանը դժգոհ է ռուսական զենքի որակից
Ադրբեջանը դժգոհություն է հայտնել մատակարարվող ռուսական զենքի որակից՝ նշելով, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Լեհաստանում տեղակայված «Беларуская Праўда» պարբերականը: Հրապարակումը մեջբերում է Lenta.ru-ն:
«2017թ. վերջին ռուս-ադրբեջանական ռազմատեխնկական համագործակցության հանձնաժողովի փակ նիստին Բաքուն բարձրացրել է այդ հարցը և հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ կապված Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումների հետ», – ասված է հրապարակման մեջ:
Ադրբեջանական կողմը նիստի ժամանակ, նշում է պարբերականը, դժգոհություն է հայտնել Տ-90Ս, ԲՄՊ-3, ԲՏՌ-82, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգի, «Սմերչ» ՀԿՀՀ-ի, «Թոփ-Մ2» ԶՀՀ-ի և այլ տեսակի ռուսական սպառազինությունների որակից:
«Մատակարարված տեխնիկան չի համապատասխանում պայմանագրով սահմանված տեխնիկական կոմպլեկտացիային, բացակայում է տեխնիկական փաստաթղթերը, սպառազինության որոշ նմուշներ շարքից դուրս են եկել արտադրական դեֆեկտի պատճառով, բացի այդ բացակայում են ընթացիկ վերանորոգման համար պահեստամասերը», – պատճառաբանել է ադրբեջանական կողմը, նշելով, որ «Սմերչ» ՀԿՀՀ-ները կրակելիս չեն պայթում:
Նրանք նաեւ ընդգծել են, որ ԲՏՌ-82Ա-ի համար նախատեսված զինամթերքը չի հասնում նշանակետին, իսկ Մի-35 ուղղաթիռների մոտ այնպիսի խնդիրներ են առաջանում, որոնք թույլ չեն տալիս գործի դնել շարժիչը:
Հատկանշական է, որ 2016 թ-ին ապրիլին առաջնագծում լայնածավալ ռազմական բախումների ժամանակ ադրբեջանական կողմը, ըստ Արցախի ՊԲ-ի, «Սմերչ» համակարգերի կիրառման անհաջող փորձ էր կատարել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այդ համակարգերի հրթիռները թեպետ տեղ էին հասել, սակայն չէին պայթել: