Մամուլ

Սիրու՞մ եք խաչբառ լուծել․ խաչբառների ստեղծման պատմությունը

Սիրո՞ւմ եք խաչբառներ լուծել, երկար մտածել որևէ հարցի շուրջ, դիմել տարբեր աղբյուրների, ապա այսօր հենց ձեր օրն է։ Տարիներ առաջ այս օրն է առաջին անգամ ամսագրում տեղ գտել առաջին խաչբառը։

Bavnews.am-ը ներկայացնում է խաչբառների ստեղծման պատմությունը և հետաքրքիր մանրամասներ։

1․ 20-րդ դարի սկզբներին Քեյփթաունի թերթերից մեկի գլխավոր խմբագիրը մի անգամ տեղական բանտից նամակ ստացավ, որտեղ պատկերված էին տարօրինակ քառակուսիներ և տառեր, իսկ գրությունը հետևյալն էր։

«Սըր, ես բանտարկյալ եմ և բանտում մտածել եմ մի խաղ, որը խաչբառ եմ անվանել: Արդյոք հնարավոր չէ ձեր թերթում տպագրել»:

Խմբագրին նախ թվաց, թե բարբաջանք է և ծիծաղելով ծրարը դրեց գրպանը: Երեկոյան, հիշելով նամակը, ընկերներին ցույց տվեց: Բոլորը հավաքվեցին ծրարի շուրջ և մեծ հետաքրքրությամբ սկսեցին գուշակել բառերը: Երբ բոլոր բառերը կազմվեցին, նրանք մեծ բավականություն ստացան:

Հաջորդ օրը խմբագիրը գնաց բանտ և ծանոթացավ նամակի հեղինակի հետ: Բանտարկյալը ավտովթարի հետևանքով մի քանի տարվա բանտարկության դատապարտված Վիկտոր Օրուելին էր:

Հարկադրական աշխատանքից հետո Օրուելն իր ազատ ժամերը տրամադրում էր խաչբառ կազմելուն: Բանտապետին էլ էր դուր եկել նրա նոր խաղը, և նա խորհուրդ էր տվել Օրուելին թերթի խմբագրություն ուղարկել խաչբառ խաղը:

Խաչբառը հիացրել էր թերթի ընթերցողներին: Եվ շատ շուտով խաչբառներ են երևացել աշխարհի շատ թերթերում:

2․ Խաչբառն այսօր  ամենատարածված բառախաղն է աշխարհում։ Կան բազում հեղինակներ, որվքեր գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում իրենց կազմած բարդ խաչբառների համար։

3․ Գոյություն ունեն խաչբառի հետևյալ հիմնական տեսակները՝ Սկանդինավյան խաչբառ, իտալական խաչբառ, հունգարական խաչբառ, անգլիական խաչբառ, ամերիկյան խաչբառ, էստոնական խաչբառ, գերմանական խաչբառ։

4․ 2010 թվականի հոկտեմբերին Գինեսի ռեկորդների գրքում «Հրատարակված ամենամեծ խաչբառն աշխարհում» անվանակարգում գրանցվել է երևանցի Արա Հովհաննիսյանի կազմած խաչբառը։ Խաչբառը ռուսերեն է։

Նրա չափսերն են. ցանցի լայնությունը՝ 2,3 մետր, բարձրությունը՝ 2,45 մետր։ Յուրաքանչյուր վանդակ 5 միլիմետր կողմով քառակուսի է, տառերը լրացնելու համար նախատեսված սպիտակ վանդակների քանակը՝ 132020։

5․ Ուկրաինայի Լվով քաղաքի Սախարովի փողոցի 82-րդ շենքի պատերից մեկին պատկերված է խաչբառի հսկայական ցանց։ 30 մ բարձրությամբ և 18 մ լայնությամբ ցանցի հեղինակ Սերգեյ Պետլյուկի մտահղացմամբ՝ այս խաչբառը պետք է աշխուժացնի Լվովի նորակառույցների տխուր տեսքը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել