Սիրելի ոստիկաններ, 2 կոպեկի համար պետք չէ անեծք դառնալ․ Տեր Ահարոն
Սիրելի ոստիկաններ, 2 կոպեկի համար պետք չէ անեծք դառնալ․ Տեր Ահարոն
Hraparak.am-ը գրում է․ Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը, անդրադառնալով Սամվել Վարդանյանի հետ կատարվածին, հատուկ ուղերձով դիմում է իրավապահ համակարգին։ «Ես իրենց խորհուրդ կտամ, որպեսզի արդարությամբ առաջ շարժվեն եւ լավ իմանան, որ իրենց արարքը հետեւանք ունի, քանի որ ցանկացած մեղք ունի հետեւանք` հենց միայն իրենց ու իրենց սերնդի համար։
Օմար Խայամն ասում է՝ մեղուն որ ուրիշին խայթում է, չգիտի, որ դրանով նաեւ իր մահն է արագացնում։ Այնպես որ՝ ոստիկաններին ես հենց Օմար Խայամի խոսքով եմ դիմում։ Սուրբ Գիրքն էլ ասում է, որ ինձ օրհնողների մինչեւ հազարերորդ սերունդը կօրհնեմ, ինձ անիծողների էլ՝ մինչեւ 4-րդ սերունդը, իսկ մարդը հաճախ իր գործով է դառնում այդ անեծքը»,- ասում է Տեր Ահարոնն ու ընդգծում, որ այդ անեծքն իրենց սերունդների վրա են զգալու։
«Իրենք շատ զգույշ պետք է լինեն այդ հարցում, ես բազմիցս դրա մասին ասել եմ՝ երբ դուք որեւէ մեկին որեւէ վատ բան եք անում, զգույշ եղեք, որովհետեւ դա հետո անդրադարձ է ունենում։ Սողոմոն Իմաստունն ասում է՝ բոլոր գետերը ծովն են լցվում, բայց ծովը չի լցվում, որովհետեւ ամեն ինչ գնում է այնտեղ, որտեղից եկել է, այսինքն՝ գոլորշիանում է։
Հիմա մեր կյանքը սա է․ մենք ի՞նչ ենք երկինք ուղարկում՝ կարկո՞ւտ, ավե՞ր, թե՞ օրհնանք, ինչ ուղարկում ենք, դա էլ հետ է գալու։ Այնպես որ, իրենց հորդորում եմ ու նաեւ խղճում, որովհետեւ հետո մեծ պատիժների, պատուհասների պետք է բախվեն, որովհետեւ հայրենավաճառին պաշտպանելով՝ իրենք նույն հայրենավաճառությունն են անում, ուրիշ բան չեն անում։
Հիսուս ասում է՝ մարդկանց իրենց գործերով կճանաչեք, հիմա մենք նայում ենք այդ մարդկանց ու իրենց արած գործերին, ըստ այդմ էլ իրենք իրենց ճանաչել են տալիս, եթե հայրենիքի հանդեպ զգացում չկա, կարող են հեշտությամբ վաճառել ու վաճառվել, որովհետեւ, ժողովրդական խոսքի համաձայն, «ամագ»՝ ներդրում չունեն հայրենիքի գործում։
Իրենց արածը սա է, 2 կոպեկի համար պետք չէ նման չարագործություններ անել եւ անեծք դառնալ իրենց սերունդների համար։ Սիրելի ոստիկաններ, լավ իմացեք՝ ձեր չարագործությունները, այդ պատուհասը, ի վերջո, ձեր ընտանիքի անդամների մեջ եք տեսնելու, դուք այսօր ազգին այն ցավն եք պատճառում, որ անհնար է՝ այդ ցավը հետո ձեր ոսկորների վրա չզգաք, որովհետեւ սա հայրենիք է, եւ մենք պարտավոր ենք այն պաշտպանելու»,- եզրափակում է Տեր Ահարոնը։