Սիլվի Բարկովան՝ ամուսնալուծության հետ կապված խոսակցությունների և Հայաստանում իր ծրագրերի մասին
Սիլվի Բարկովան՝ ամուսնալուծության հետ կապված խոսակցությունների և Հայաստանում իր ծրագրերի մասին։
Արդեն երեք ամիս է՝ Սիլվի Բարկովան Հայաստանում է։ Դերասանուհին, ով ամուսնությունից հետո բնակություն էր հաստատել Հնդկաստանում, նշեց, որ այս ամիսների ընթացքում բավականին շատ խոսակցություններ է լսել իր անձնական կյանքի մասին՝ հղիությունից մինչև ամուսնալուծություն, թեև դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Սիլվիի խոսքով՝ տարին հագեցած է եղել, ինքն էլ հասցրել է խորապես ճանաչել նոր մշակույթ։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ամփոփել է տարին ու պատմել Հայաստանի և Հնդկաստանի հետ կապված իր ծրագրերի մասին։
«Ես և ամուսինս շատ ենք ուզում Ամանորը միասին դիմավորել։ Ամուսինս շատ խիտ գրաֆիկով է աշխատում, իր զբաղվածությունն անչափ մեծ է, այս ընթացքում փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի գոնե մեկ կամ երկու օրով գա Հայաստան։ Եթե չստացվի, ոչինչ, միևնույն է, մի օր ես գնալու եմ այնտեղ, ամուսնուս հետ կլրացնենք այդ բացը։ Քույրերիս, ընտանիքիս հետ կլինեմ և նրանց հետ կնշեմ Ամանորը»,-ասաց Սիլվին։
Հարցին, թե ինչպես են ինքն ու ամուսինը հաղթահարում հեռավորությունը, Սիլվին ժպիտով պատասխանեց, որ գրեթե ամեն րոպե միասին են․ «Ես և ամուսինս տեսազանգով անընդհատ իրար հետ ենք, մեկս մյուսից հ տեղեկացված։ Բարեբախտաբար, այդ հնարավորությունը կա և իր բացակայությունը հնարավորինս քիչ եմ զգում։ Ես մի փոքր այլ տեսանկյունից եմ նայում, միևնույն է, ամբողջ կյանքում իր կողքին եմ լինելու, այս երկու-երեք ամիսը ոչինչ։ Ամուսինս ավելի խորն է տանում, շատ է կարոտում։ Նա շատ ծանր է տարել իմ՝ Հայաստան գալու որոշումը, սկզբում չէր պատկերացնում, որ այսքան երկար եմ մնալու»։
Դերասանուհու՝ ամիսներ շարունակ Հայաստանում բնակվելը ենթադրությունների հիմք է տվել, թե նա ամուսնալուծվել է։ Սիլվիի խոսքով՝ հանդիպում է նման մեկնաբանությունների, սակայն սովորել է շրջանցել դրանք․ «Ամուսնուլածությանս հետ կապված խոսակցություններից չեմ նյարդայնանում, վստահ եմ, որ այդ բովանդակությամբ մեկնաբանություններ գրող կանանց մեծ մասը հեռու է իր ամուսնուց, երեխա ունեն, որոնք տարիներով իրենց հորը չեն տեսել, իսկ տղամարդիկ, որոնք ևս պակաս մեկնաբանություն գրողներ չեն, հեռու են իրենց ընտանիքներից։ Մի քանի ամիս է, ինչ Հայաստանում եմ և չգիտեմ, թե դա ինչու մարդկանց աչքն այսքան ծակեց։ Ամեն մարդ պետք է իր կյանքին նայի, զբաղվի իր ընտանիքով, ուրիշների հետ կապված նման մեկնաբանություններ չգրի, այդքան բացասականով չլցվի»։
Սիլվին նշեց, որ Հնդկաստան կմեկնի, սակայն իր հիմնական նպտակը, որի շուրջ հիմա աշխատում է, կապված է Հայաստանի հետ․ «Հաջորդ տարվա հետ կապված ցանկություններ շատ կան։ Հիմա ֆիլմի սցենար եմ գրում, շատ եմ ցանկանում, որ հաջորդ տարի նկարահանենք այն։ Աշխատանքային ցանկություններիս մի մասը կապված են Հայաստանի հետ, գործնական ինչ-որ բաներ էլ կան, որ Հնդկաստանում եմ պատկերացնում, սակայն դրանց մասին դեռ չեմ ցանկանում խոսել։ Հիմա իրատեսական մի նպատակ կա՝ ֆիլմն է, որի վրա կենտրոնացած եմ»։
Խոսելով անձնական դաշտում իր նպատակների մասին՝ դերասանուհին ասաց․ «Այդ դաշտում ամեն ինչ կլինի Աստծո կամոք։ Երեխա ունենալու մասին չենք մտածում, չենք պլանավորում, երբ Աստված կամենա, այդ ժամանակ էլ կլինի: Մտածում եմ, որ դեռ շուտ է»։
Երկու տարբեր պետությունում ապրած դերասանուհին վերջում ամփոփեց տարին՝ նշելով, որ այն իր համար դրական էր, սովորելու հնարավորություն է ունեցել․ «Ինձ համար այս տարին իսկապես շատ լավն էր: Որպես ամենամեծ ձեռքբերում՝ կարող եմ նշել այն, որ եկա Հայաստան, տեսա ընտանիքիս, որովհետև շատ-շատ էի կարոտել»։
Տարվա ընթացքում բավական ժամանակ ունեցա մեկ այլ մշակույթի ծանոթանալու համար, ինչի արդյունքում ավելի շատ սկսեցի հավատալ Աստծուն, ավելի շատ կարդալ «Աստվածաշունչ»։ Չնայած իմ շրջապատում բոլորն էլ գիտեն, որ ես հայրենասեր եմ, այս ընթացքում սովորեցի մեր ազգին էլ ավելի շատ գնահատել։ Եթե անգամ հայերիս մոտ լիներ նույն պաշտանմունքը, ինչ Հնդկաստանում է, ինձ մոտ հարց էր առաջանալու, թե ինչու է մեկն արձան քանդակում, որը դառնում է պաշտանմունքի առարկա, հավատում, որ այն Աստված է։ Թեև երբ այնտեղ այդ հարցն առաջանում է, իրենք դա անձնական վիրավորանք են ընդունում։ Իրենց մշակույթի հետ կապված շատ հարցեր են առաջանում, սակայն դա իրենցն է և պետք է հարգել»։
Դերասանուհու խոսքով՝ հիմա «կարոտն առնելու ընթացի մեջ է», քանի որ շատ էր կարոտել թե՛ հարազատներին, թե՛ հայրենիքը․ «Ռուբեն Հախվերդյանն իր երգերից մեկում ասում է՝ արժեր հասնել աշխարհի ծայրը, որ Երևանը սիրելու արժեքը հասկանանք։ Իմ դեպքում դա այդպես էլ եղավ՝ շոշափելի ձևով հասկացել եմ այդ բառերից յուրաքանչյուրը։ Այստեղ լինելու ընթացքում հասկացա, թե որքան էի ամեն ինչ կարոտել։ Երեկ քույրիկիս հետ էինք խոսում, ասում էի, որ այնքան շատ եմ սիրում իր երեխաներին, որ տպավորություն է, որ մայրիկ դառնալուց հետո էլ իր երեխաներին ավելի շատ եմ սիրելու։ Սիրում եմ, կարոտում եմ և հիմա ոչ մի վայրկյան չեմ կորցնում, որ հարազատներիս հետ ժամանակ անցկացնեմ»։
Աղբյուր՝ tert.am