Շոու-բիզնես

«Սթրեսի մեջ էի, նույնիսկ բժշկի եմ դիմել». Թամարա Պետրոսյան․ ֆոտո

«Սթրեսի մեջ էի, նույնիսկ բժշկի եմ դիմել»։ Bravo.am-ը գրում է․ Քաղաքական և հասարակական թեմաներով ենթատեքստեր, անցած սիրային պատմություններից հիշողություններ, Արցախում ապրած տարիներից դրվագներ և ի վերջո, ամուսնանալու մեծ ցանկություն՝ Թամարա Պետրոսյանի նոր՝ «Տանը մնացի՞» մոնոներկայացումը։

Երեկոյի ողջ ընթացքում «Բոհեմ» թատրոնի դահլիճում ուրախ տրամադրություն էր տիրում:

«Երբ ռեժիսորից ստացա նման ներկայացմամբ հանդես գալու առաջարկ, չշտապեցի համաձայնել: Մոնոներկայացումներով հիմնականում տղամարդիկ են ներկայանում, մտավախություն ունեի, որ չի ստացվի: Երկար ժամանակ պահանջվեց՝ ինձ գործի մեջ ներգրավելու համար: Սկզբում երկմտում էի, բայց հետո ինքս ինձ համոզեցի ու ամեն ինչ արեցի՝ գործը գլուխ բերելու ու իմ հանդիսատեսին պատշաճ ներկայանալու համար: Տղաներն էլ՝ Սեդրակը, Սեւանը, Թելմանը, Արվինը միշտ կողքիս էին ու ոգեշնչում էին»,-նշել է դերասանուհին:

toma 1

Ներկայացման ռեժիսորն ու մտահղացման հեղինակը Սեդրակ Գոջամանյանն է, սցենարի հեղինակը՝ Թելման Առաքելյանը, երաժշտական ձեւավորումն իրականացրել է Սեւան Շահմիրյանը, պաստառի լուսանկարը եւ ձեւավորումը՝ Արվին Քոչարյանի:

Պարզվում է՝ ներկայացումից առաջ դերասանուհին վատառողջ է եղել.«Օրեր առաջ մոտս մի փոքր մրսածություն էր, ջերմություն ունեի եւ ուշք ու միտքս այն էր, որ ձայնալարերես չվնասվեն: Սթրեսի մեջ էի, նույնիսկ բժշկի եմ դիմել: Մինչ այսօր ջերմությունս չէր նահանջում, բայց ներկայացումից երկու ժամ առաջ սկսեցի լարվել ու մոռացա ե՛ւ ջերմության, ե՛ւ հիվանդ լինելուս մասին»,- ասել է Թամարան:

toma 2

33-ամյա դերասանուհուն հաճախ են ամուսնության թեմայով հարցեր տալիս.«Արդեն սովորել եմ, որ ամեն քայլափոխի պետք է հարցնեն՝ երբ եմ ամուսնանալու: Ժպիտով եմ վերաբերվում նման բովանդակությամբ հարցերին ու պատասխանում, որ օրերից մի օր կամուսնանամ: Տնեցիներս արդեն հաշտվել են այդ մտքի հետ ու ինձ հանգիստ են թողել, վստահ եմ՝ հոգու խորքում նրանց էլ է տանջում այդ հարցը, բայց չեն բարձրաձայնում»,- եզրափակել է նա:

«Տանը մնացի՞» մոնոներկայացմամբ Թամարա Պետրոսյանը բեմ կբարձրանա նաեւ վաղը՝ սեպտեմբերի 17:

toma 4

Աղբյուր՝ Bravo.am

Կիսվել