Մամուլ

Սեփական մեքենայում հայտնաբերվել է «Ազգային լեգիոն» կամավորական ջոկատի մարտական հրամանատարի մարմինը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 18-ին, ժամը 08։30-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դրախտիկ բնակավայրում գործող «Ժայռ» հանգստյան գոտի, որտեղ ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները «Suzuki» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Լևոն Գևորգյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Լ․ Գևորգյանը հանկարծամահ է եղել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մահացածը «Ազգային լեգիոն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մարտական հրամանատարն էր և ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր պատերազմներին և հարգանք է վայելել ոչ միայն հարազատների, ընկերների, այլ նաև իրեն ճանաչողների շրջանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել