Մամուլ

Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին. անզիջում պայքարը սկսեց

Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին. անզիջում պայքարը սկսեց

Lragir.am-ը գրում է․ Սերժ Սարգսյանը Սեւանում հանդիպել է ՀՀԿ երիտասարդների հետ, որոնք անցկացնում են ամենամյա Եկ Սեւան խորագրով հավաքը: Սարգսյանը, ըստ հաղորդագրության, պատասխանել է երիտասարդների հարցերին:

Սարգսյանի եւ ՀՀԿ երիտթեւի սեւանյան հանդիպումը հաջորդում է Ռոբերտ Քոչարյանի սեւանյան հանդիպմանը: Իհարկե, երկրորդ նախագահը հանդիպել էր ոչ թե ՀՀԿ երիտթեւի, այլ «Հաղթանակած» երիտասարդական շարժման մասնակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Եվ ահա, մի քանի օր անց հաջորդում է Սերժ Սարգսյանի հանդիպումը: Ընդ որում, ՀՀԿ-ն հայտնում է, որ կուսակցությանը նոր անդամակցած անձանց 75 տոկոսը երիտասարդներ են:

Այդպիսով, ակնհայտորեն համակիրների շրջանակ ձեւավորող Ռոբերտ Քոչարյանին ի պատասխան Սերժ Սարգսյանը փաստացի հայտնում է, որ ավելանում են նաեւ իր շարքերը, ընդ որում երիտասարդներով:

Օրերս եղավ տեղեկություն, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են առանձին-առանձին պայքարել քաղաքական իշխանության դեմ, չխանգարել ու չհարվածել միմյանց, իսկ միասին պայքարի մասին խոսք չկա, որովհետեւ կան շատ տարակարծություններ։

Երկրորդ եւ երրորդ նախագահները սակայն ոչ թե առանձին-առանձին պայքարում են ներկայիս իշխանության դեմ, այլ պայքարում են միմյանց դեմ, եւ դա առավել քան նկատելի է, որքան էլ կարող են ունենալ միմյանց չհարվածելու պայմանավորվածություն: Այստեղ էական է մեկ այլ նրբերանգ: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ մրցակցության հերթական փուլում դարձյալ կուսակցական մեխանիզմով է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ առանց կուսակցության:

Կիսվել