Մամուլ

Սերժ Սարգսյանի եղբոր «Փյունիկ» հիմնադրամի հասցեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է «Ժամանակ»

Armtimes.com-ը գրում է․ Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ղեկավարած «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը հաշվառված է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Այստեղից, սակայն վստահեցրին, որ հիմնադրամը եկեղեցու տարածքում չի գործում: Նույնը պնդեց նաեւ տեղեկատուում որպես հիմնադրամինը նշված հեռախոսահամարով մեզ պատասխանած անձը: Ասաց, որ ներկայանալ ու պաշտոնապես մեկնաբանություն տալ իրավասու չէ, որովհետեւ հիմնադրամում գրանցված աշխատող չէ: Այդուհանդերձ, ավելացրեց. «Դա հիմնադրամի իրավաբանական հասցեն է: Եկեղեցու տարածք է, հիմնադրամն այնտեղ ո՞նց կարող է գործել»:

Նրա խոսքով, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը գործունեության հասցե չունի: «Մասնավոր մարդիկ իրենց գործունեությունը վարում են, ոնց որ ասած, անձնական տարածքներից: Այստեղ մասնավոր մարդու գրասենյակ է, որի համարը տրված է, ու մենք կապը իրենց հետ պահում ենք, տեղյակ ենք պահում, որ ենթադրենք այսպիսի հարց է, մարդիկ դիմել են այս հարցով: Այդ ինֆորմացիան փոխանցում ենք, որովհետեւ իրենք օֆիցիալ գրասենյակ չունեն»,- հայտարարեց մեր զանգին պատասխանած տղամարդը:

Նկատենք, սակայն, որ «Փյունիկի» հրապարակված հաշվետվություններում, որպես հիմնադրամի գտնվելու վայր, նշվում է հենց եկեղեցին:

Այդ հաշվետվություններից նաեւ տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամի համար կարեւոր ֆինանսական աղբյուրներից են Երեւանի քաղաքապետարանն ու «Երեւան» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել