Սերժ Սարգսյանի եղբայրը դեռ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան է․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 7-ին, ՀՔԾ-ն տարածեց հայտարարություն, համաձայն որի՝ «Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայրը) և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին»։ Լյովա և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան էր։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք, թե ով է փոխարինում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում Լյովա Սարգսյանին։ «Ազատման հրամանագիր չկա»,- ասաց Բալայանը։ Նա տեղեկացրեց, որ հատուկ հանձնարարություններով դեսպանին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը։
Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։