Մամուլ

Սերժ Սարգսյանի գործով երկրորդ ամբաստանյալը մահացավ․ գործը փակուղի մտավ

Սերժ Սարգսյանի գործով երկրորդ ամբաստանյալը մահացավ․ գործը փակուղի մտավ

Hraparak.am-ը գրում է․ Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր վաղ առավոտյան, «Նաիրի» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Նա տեւական ժամանակ բուժվում էր կորոնավիրուսից, օրգանիզմը չհաղթահարեց հիվանդությունը, թեեւ բժիշկները վերջին շրջանում դրական դինամիկա էին նկատում։ 

Սերգո Կարապետյանը, նշենք, որ անցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով։ Նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը): Նշենք նաեւ, որ այսօր նախատեսված էր այս գործով հերթական դատական նիստը։ 

Երրորդ նախագահի պաշտպան Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նիստը կրկին չի կայանալու։ Այս գործով մի քանի ամիս է դատական նիստեր չեն կայանում, տարբեր պատճառաբանություններվ հետաձգվում են։ Նախ` կորոնավիրուսն էր երկրում, հետո` պատերազմ, ապա կովիդից մահացավ Սերժ Սարգսյանի կինը եւ այլ ամբաստանյալների առողջական վիճակն էլ բարվոք չէր։

Ռիտա Սարգսյան

Բացի Սերգո Կարապետյանից եւ Ս.Սարգսյանից, այս գործով մեղադրանք է առաջադրված նաեւ Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին։

Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը): Ուղիղ մեկ ամիս առաջ կորոնավիրուսից մահացավ նաեւ գործով ամբաստանյալ 72֊ամյա Սամվել Գալստյանը։ 

ՀԳ. Եթե այս պատկերին ավելացնենք նաեւ այն, որ 2020 թվականի օգոստոսին ուղեղի կաթվածից մահացավ նաեւ 61-ամյա Միկա Բաղդասարովը, որը անցնում էր Հայկական ավիաուղիների հետ կապված քրեական գործով եւ նրա ցուցմունքների հիման վրա հնարավոր է քրեական գործ հարուցվեր Սերժ Սարգսյանի նկատմամբ, ստացվում է, որ ՀՀ երրորդ նախագահին ինչ որ միստիկ մահեր են ուղեկցում։ 

Կիսվել