ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. Դատախազություն
Սահմանադրական Դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն, ապա հարցը կայանում է հետևյալում. Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ քրեական հետապնդումն անհամատեղելի է անձի գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի այդ հիմքով տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը:
Ավելի պարզ՝ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը խնդրահարույց է համարել այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռմխելիությունից և այն չի հաղթահարվել: Ընդ որում՝ հարցն ավելի լայն է, քան պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությունը:
Բանն այն է, որ նույն խնդիրն ի հայտ է գալիս նաև այն դեպքում, երբ այլ համապատասխան պաշտոնատար անձանց, օրինակ՝ դատավորների, Աժ պատգամավորների անձեռնմխելիությունը օրենքով սահմանված կարգով չի հաղթահարվում և վերջիններս չեն զրկվում անձեռմխելիությունից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գործառութային անձեռնմխելիությունը չնախատեսելով որպես վարույթը բացառող հանգամանք, չի սահմանում այն հիմքը, որին համապատասխան այդ դեպքերում դատավորի կամ պատգամավորի, հավասարապես նաև պաշտոնաթող նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Կրկնելով, որ վերոգրյալը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից: Այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում:
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող:
Հետևաբար, ՀՀ դատախազությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան»,- ասված է ՀՀ դատախազության պարզաբանման մեջ: