«Սա Մարտի 1-ը բացահայտելո՞ւ փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու»․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչև նա վերադառնա։
Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։
«Մեզ համար տեխնիկական խնդիրներ են։ Հիմա մեր ծառայությունների ներկայացուցիչներն այդ հարցերով բանակցում են ՀՔԾ-ի ներկայացուցիչների հետ, որևէ անկյունաքարային կամ ճակատագրական խնդիր ես այդ հարցերում չեմ տեսնում»,- ասաց Սողոմոնյանը՝ չհստակեցնելով, թե Քոչարյանի պատվին վայե՞լ չէ, որ գնա հասնի ՀՔԾ, թե՞ այլ խնդիր կա։
-Ռոբերտ Քոչարյանը պատրաստվե՞լ է այս հարցաքննությանը, գիտի՞, թե ինչ է իրեն սպասվում, և ինքն ինչ է պատասխանելու, քանզի այս թեմայով 10 տարի շարունակ օդում կախված հարցեր կան, և այս իշխանափոխությունը, փաստորեն, բացառիկ շանս է տվել թե՛ ձեզ՝ պաշտպանվելու հասարակության մեղադրանքներից, թե՛ հասարակությանը՝ ի վերջո իմանալու ճշմարտությունը։
-Ես իմ պատասխանը կբաժանեմ երկու մասի։ Չկա որևէ հարց, հանգամանք կամ որևէ փաստ՝ կապված Մարտի 1-ի վերաբերյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որևէ գործողության հետ, որը գաղտնիք հանդիսանա, և որի վերաբերյալ պատասխաններ չլինեն։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ այդ հանգամանքների վերաբերյալ հատուկ պատրաստություն է պետք։ Դրանք հանրահայտ փաստեր են, դրանց մեծ մասը հրապարակայնացված է, այնպես որ՝ ո՛չ նոր հորինելու բան կա, ո՛չ ինչ-որ պատրաստվելու հարց կա։ Մյուս կողմից, մենք շատ կարևոր մի հարցի պետք է պատասխանենք նախևառաջ՝ իսկ որքանո՞վ է օրինական այն գործը, այսպես կոչված՝ «նոր դրվագը», որը հարուցվել է Մարտի 1-ի գործով։ Կան բազմաթիվ հիմքեր պնդելու համար, և այդ հիմքերը տալիս են իրավաբանների հետ զրույցները, որ այս նոր դրվագը բացարձակապես մտացածին է, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներին, ԿԸՀ որոշումներին, չի համապատասխանում օրենսդրությանը և գլխիվայր է շուռ տալիս պատմությունը։
Ինչո՞ւ․ կարծում եմ՝ դուք ինձնից լավ գիտեք, որովհետև, եթե հավատանք այն հանգամանքներին, որ մեջբերում է ՀՔԾ-ն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը փորձում էր տապալել սահմանադրական կարգը, հիմա ստացվում է՝ ինքը սահմանադրական կարգի կրողն էր կամ ներկայացուցիչը, և այդ սահմանադրական կարգն ինչ-որ մեկը տապալել է։ Սա, իմ կարծիքով, նոնսենս է։ Հիմա այս երկու պատասխանները միավորենք։ Հասարակությունից թաքցնելու որևէ բան Ռոբերտ Քոչարյանը չունի էդ թեմաներով, և այդ պատասխանները, որ ինքը պետք է տա, իմ կարծիքով՝ սակավաթիվ են, և էստեղ առանձնապես պատմելու շատ բան չկա։ Մյուս կողմից, մեծ հարց է՝ այս գործն ո՞ւր է տանում, սա օրինականություն հաստատելու և Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու փորձ։ Սա մեծ հարց է, որին դեռևս պետք է պատասխանել։
-Դուք չունե՞ք այդ հարցի պատասխանը։ Ամեն դեպքում, տասը տարի այս գործը յոթ կողպեքի տակ փակված էր, այսօր իշխանություն է փոխվել, և այդ իշխանությունն ուզում է բացահայտել այն։ Այսինքն՝ ինչո՞ւ պետք է հաշվեհարդար լինի՝ բացի արդարությունը վեր հանելուց և տասը զոհերի պատասխանատուներին բացահայտելուց։
-Էսպես ասեմ․ մի բան ակնհայտ է, որ էս ճանապարհով տասը զոհերի մահվան հանգամանքները հաստատ չեն պարզվելու։ Սա ակնհայտ է, որովհետեւ սա փորձ է ոչ թե դիտարկել իրականությունը, այլ իրականությունը վերաձևակերպել ու պարզապես վերանայել պատմական իրադարձությունները, որը ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև դատապարտելի։
-Իսկ ի՞նչ է պարզվելու, այդ դեպքում ո՞րն է այս ամենի նպատակը։
-Ես կուզենայի էդ հարցին ավելի հանգամանալից պատասխանել թերևս առանձին հարցազրույցով։
-Տարիներ ի վեր հասարակության կողմից գնահատականներ են հնչել, որ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ արյան գնով, և այդ ճանապարհը նրա համար ապահովեց Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա Քոչարյանն այս հարցաքննությամբ փորձելո՞ւ է մաքրել այդ արյունն իր վրայից, որ հասարակությունն իմանա՝ նա կապ չունի դրա հետ։
-Հասարակությունն ունի իր տրամադրության տակ բավականին փաստեր, որպեսզի հասկանա, թե ով որքանով է մեղավոր, որ Մարտի 1-ին զոհվեց 10 մարդ։ Այլ հարց է, որ հասարակության մի հատվածը կարող է չուզենալ այդ փաստերը հաշվի առնել։ Ես չեմ կարող հասարակության փոխարեն որոշել այնպես, ինչպես որոշում է ՀՔԾ-ն՝ հայտարարելով, թե հանրության լայն զանգվածներն ինչ էին կարծում այն ժամանակ։ Էնպես որ, իմ կարծիքով՝ ամեն ինչ բավականին պարզ է, ուղղակի մենք գտնվում ենք քաղաքական տուրբուլենտության շրջանում, և էդ հարցերի պատասխանների պարզ լինելը բոլորին չէ, որ տեսանելի է։
-Դուք տվեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որ սահմանադրական կարգը նա է տապալել։ Սա ուղղակի կամ անուղղակի մեղադրա՞նք է՝ ուղղված նրան, որ նա իր մեղավորությունն ունի, և Միքայել Հարությունյանին վերագրվող 300.1 հոդվածն իրականում Տեր-Պետրոսյանին պետք է վերագրվեր։ Ինչպե՞ս հասկանանք դա։
-Ես ընդամենը շարադրում եմ փաստերը։ Այսինքն՝ այս ամենը, ինչի մասին մենք խոսում ենք, ընդամենը տասը տարի առաջվա և շատ հայտնի պատմություն է․ 21.5 տոկոս հավաքած և ընտրություններում պարտված թեկնածուն իրեն հայտարարել էր ընտրված նախագահ և շուրջօրյա հանրահավաքներ էր կազմակերպել։ Ինչ է եղել Մարտի 1-ին, կարիք չկա, որ նորից ես վերարտադրեմ։
Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում