Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը. Փաշինյան
«Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ ընդհանրապես նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու մասին հարցին:
Նա նշեց, որ անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։
«Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատելով, որ մինչև 2004 թվականն այդ դրոշմը չի եղել, և հարց տվեց. «Ի՞նչ է նշանակել այդ բացակայությունը, ու երբ դրոշմը հայտնվել է, դա՞ ինչ է նշանակել»։
Նա նշեց, որ առաջիկայում կխոսի հայրենասիրության այն մոդելի մասին, որի շրջանակներում կայացրել են բոլոր որոշումները։
«Հիմա այդ բոլոր քայլերը, որ իրականացնում ենք, իրականացնում ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ուժեղացնելու համար: Մենք դա անում ենք Հայաստանն առավելագույնս պատասխանատու միջազգային անդամ դարձնելու համար»,-հայտարարեց նա և պնդեց, որ այն անում են «ՀՀ բնականոն կյանքը ապահովելու համար»:
Նշելով, որ հաճախ հանդիպումների ժամանակ լսում է նախադասություններ, որոնք ի ցույց է դնում, որ «մենք մեզ սուբյեկտ չենք համարում»՝ Փաշինյանը շարունակեց.
«Հիմա ես օրինակ բերեմ, երբ մենք որևէ երկիր մուտք գործենք և տեսնենք, որ մեր մի բնապատկերի նկար այդ երկրի անձնագրի մուտքի կնիքի մեջ դրված է, մենք ի՞նչ կասենք: Կասե՞նք այս ինչ լավ է: Մենք հարևա՞ն չենք»: