Սաք 24. դանակահարության հետևանքով մահացած տղային Աբովյանում վերջին հրաժեշտը տվեցին
Աբովյան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 13-ին, վերջին հրաժեշտը տվեցին օրեր առաջ քաղաքի կենտրոնական հատվածում դանակահարության հետևանքով մահացած 24-ամյա Սարգիս Զեյնալյանին:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Աբովյանի Սարալանջ թաղամս տանող ճանապարհի սկզբնամասում սև ժապավեն է փակցված՝ «Սաք 24» գրությամբ:
Սարգիսին հուղարկավորեցին Աբովյան քաղաքի գերեզմանատանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում գտնվող կանգառասրահում, դանակահարություն էր տեղի ունեցել ինչի հետևանքով 24-ամյա տղան մահացել էր, ևս 1 հոգի դանակահարության հետևանքով վիրավորում էր ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ ենթադրյալ սպանություն կատարած անձը՝ Աշոտ Սոխրաբյանցը, 14 տարի առաջ էլի մարդ էր սպանել և 11 տարվա ազատազրկման էր ենթարկվել:
Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, միջադեպ է եղել Սարգիսի և սպանությունը կատարած անձի միջև.
«Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին…»,- սոցցանցում գրել են օգտատերերը:



