Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին և հանդիպել Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 1-ի առավոտյան ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
Որից հետո նախագահական նստավայրում մարտի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը նշել է.
«Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Զրույցը սկսելուց առաջ ուզում եմ շնորհավորել Ձեզ, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցի մանրամասները: Բոլոր դեպքերում, այն արձագանքները, որ լսել եմ՝ և՛ երկրի ներսում, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Այո, մեր այս աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում և շատ կարևոր է, որ մենք պարբերաբար կիսենք այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեր տարբեր շփումների, աշխատանքային գործունեության ընթացքում:
Եվ, իհարկե, քննարկենք առաջիկա անելիքները: Այո, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ունեցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները:
Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահում ենք, և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը ևս տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն, իհարկե, կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին:
Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:
«Ես էլ, պարոն վարչապետ, Ձեզ հետ խոսելու շատ բան ունեմ: Իհարկե, Դուք տեղյակ եք, բայց կուզեմ լրացուցիչ մանրամասներ կիսել Ձեզ հետ հատկապես իմ վերջին երկու այցելությունների մասին. մեկը Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի, և որի ընթացքում կազմակերպությունում որոշակի կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան:
Բարեգործական միությունը մեր ազգային, Սփյուռքի կարևորագույն կազմակերպություններից մեկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկե, կրկին հանդիպումներ ունեցա այն շրջանակում, որի մասին մենք բավական երկար ժամանակ խոսում ենք միմյանց հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Հանդիպումներ եղան ֆրանսիական շատ մեծ ընկերությունների հետ՝ Thales, Dassault, և այլն:
Հաջորդն իմ այցելությունն էր Մյունխեն՝ անվտանգության համաժողովին, որի ընթացքում, ինչպես տեղյակ եք, մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան:
Դրանցից բացի, հանդիպումներ ունեցա նաև Հայդելբերգի համալսարանում, Մյունխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Այս հանդիպումները ևս ուղղված են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր և նպաստելու մեր երկրի տնտեսական արագ աճին: Այնպես որ, խոսելու շատ բան ունենք»,-հավելել է Արմեն Սարգսյանը: